Այսօր հայտնի դարձան «Նամակ Ավրորայի հերոսին» մրցույթի արդյունքները: Jnews-ի լրագրող Ջուլիետա Տոնականյանի «Ջազի զրնգոցը Երկիր Նաիրիում» նամակն արժանացել է երրորդ մրցանակին:
«Ջազի զրնգոցը Երկիր Նաիրիում» նամակի հեղինակը պատահական է որոշել մասնակցել մրցույթին և այնքան է ներշնչվել, որ նույնիսկ երազում «Ավրորայի» հենց այն հերոսի ձեռքից է մրցանակ ստացել, ում և ուղել է նամակը:
«Նամակն ուղարկելուց հետո ոչ թե հաղթանակի մասին էի մտածում, այլ այնքան էի ներշնչվել՝ պիտի հանդիպեմ Մարգարիտին, որ անգամ երազ տեսա, որտեղ հատուկ մրցանակ էի ստանում Մարգարիտի ձեռքից: Արթնացա ու ասացի՝ համաձայն եմ թեկուզ այդպես ես Մարգարիտին կտեսնեմ», – պատմում է Ջուլիետան:
Երբ նա որոշել է մասնակցել մրցույթին, առանց երկար մտածելու ընտրել է հերոսին:
«Երբ հետաքրքրվեցի հերոսներով, ծանոթացա իրենց պատմություններին ու ինձանից անկախ որոշեցի Մարգարիտին գրել: Նամակը գրելիս մտածում էի, պատկերացնում, որ ինքը Ջավախքում է, ինչպիսին կարող է լինել նրա տեսակը մեր մոտ: Իր աշխատանքը միայն երեխաների հետ է կապված, ամենաշատը հենց դա գրավեց ինձ: Եվ ես, որպես հայ իմ պատմությունս ուզեցի ներկայացնել Երկիր Նաիրիի միջոցով, ճիշտ է շատ տարբերակներ ունենք աշխարհին ներկայանալու, բայց ես շատ էի ուզում, որ Մարգարիտը մեզ ճանաչի հենց Երկիր Նաիրիի միջոցով»,- ասաց «Նամակ Ավրորայի հերոսին» մրցույթի մրցանակակիր Ջուլիետա Տոնականյանը:
Մրցույթում լավագույնն է ճանաչվել Աննա Մեհրաբյանի նամակը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Անաստասիա Ագեյչենկոյի, իսկ երրորդ տեղը՝ Ջուլիետա Տոնականյանի նամակները:
«Նամակ Ավրորայի հերոսին» մրցույթի պայմանների համաձայն՝ հաղթողը կստանա 1 մլն դրամի պարգև: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ համապատասխանաբար 500 հազար և 300 հազար դրամի պարգև:
Մրցույթի ժյուրին, որի նախագահն է արձակագիր Նարինե Աբգարյանը, որոշել է նաև հատուկ մրցանակներ սահմանել մասնակիցներ Նարեկ Աշիկյանի, Սիրանուշ Գրիգորյանի և Անուշ Դիլանյանի համար: Նրանք կստանան բացառիկ հնարավորություն՝ ներկա գտնվելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը 2017թ. մայիսի 28-ին Երևանում:
Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 444 նամակ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ղրղըզստանից, Ղազախստանից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Նիգերիայից և Շվեյցարիայից:
Նշենք, որ «Նամակ Ավրորայի հերոսին» վերնագրով էսսեի մրցույթը հայտարարել էին «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունն ու Մեդիամաքսը: Մրցույթին կարող էին մասնակցել 16-40 տարեկան անձինք՝ անկախ քաղաքացիությունից: Շարադրության առավելագույն ծավալը չպետք է գերազանցեր՝ 600 բառը: Մասնակիցները կարող էին իրենց նամակները ներկայացնել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով: Մրցույթի մասնակիցները պետք է նամակ-շարադրություն գրեին 2016 թ. «Ավրորայի» չորս հավակնորդներից մեկին՝ Մարգարիտ Բարանկիցեին, Թոմ Քաթինային, Սայիդա Ղուլամ Ֆաթիմային կամ Բերնարդ Կինվիին:
Ջուլիետա Տոնականյանի «Ջազի զրնգոցը Երկիր Նաիրիում» նամակ-շարադրությունը կարող եք կարդալ այստեղ
Աղունիկ Այվազյան