Ժողովրդավարության ինդեքսում Վրաստանը 167 երկրների շարքում զբաղեցնում է 90-րդ տեղը, – այս մասին փոխանցում է Forbes-ը:

Ժողովրդավարւթյան մակարդակը որոշվում է ընտրական գործընթացով, կառավարության գործունեությամբ, քաղաքական մասնակցությամբ, քաղաքական մշակույթով և քաղաքացիական ազատություններով: Նշված 5 բաղադրիչները ներառում են 60 հարցեր, որոնց պատասխանները որոշվում են ըստ հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքների։

Ժողովրդավարության առավելագույն միավորն ինդեքսում 10 է, նվազագույնը՝ 0։ Հետազոտության արդյունքում երկրները բաժանվել են 4 խմբի՝ լիովին ժողովրդավար (8-ից 10 միավոր), թերի ժողովրդավար (6-ից մինչև 8 միավոր), հիբրիդային ռեժիմ (4-ից 6 միավոր) և ավտորիտար ռեժիմ (մինչև 4 միավոր):

2023 թվականի փետրվարին հրապարակված արդյունքների համաձայն՝ Վրաստանն ունի 5,20 միավոր, որով աշխարհում 90-րդ տեղն է զբաղեցնում։

Ժողովրդավարության ինդեքսում Վրաստանը ամենաբարձր վարկանիշն ունեցել է 2013 թվականին՝ 5,95 միավոր և զբաղեցրել էր 78-րդ տեղը։

2022 թվականին Վրաստանի միավորը քաղաքական մասնակցության բաղադրիչում 5,56 միավոր էր, իսկ այս տարի՝ 6,11, որի արդյունքում երկիրը բարելավել է իր դիրքերը ժողովրդավարության ինդեքսում: Քաղաքական մասնակցությունը գնահատվում է՝ ըստ այն բանի, թե բնակչության քանի՞ տոկոսն է մասնակցում ընտրություններին, քանի՞ կին է ներկայացված խորհրդարանում, բնակչության ո՞ր մասն է ընդգրկված քաղաքական կուսակցություններում և այլն։

Ժողովրդավարության ինդեքսի համաձայն՝ Վրաստանը տարածաշրջանի երկրներից զիջում է միայն Հայաստանին, որը 82-րդ տեղում է՝ 5,63 միավորով: Վրաստանի մյուս հարևաններից Ռուսաստանը 146-րդ տեղում է, Թուրքիան՝ 103-րդ, իսկ Ադրբեջանը՝ 134-րդ:

Ժողովրդավարության ինդեքսի համաձայն՝ աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը Նորվեգիան է, որն ունի 9,81 միավոր, իսկ վերջին տեղում Աֆղանստանն է՝ 0,32 միավորով: