Վրաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված կիրարկված սահմանափակիչ միջոցառումները կվերացվեն միայն համաճարակային վիճակի մանրամասն ուսումնասիրությունից հետո: Այս մասին այսօր հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Կառավարության ծրագրի համաձայն, հունվարի 16-ից սահմանափակումները արդեն կգործեն միայն հանգստյան օրերին, իսկ հունվարի 31-ից դրանք ամբողջությամբ կհանվեն: Պատասխանելով ժամանակացույցի վերաբերյալ լրագրողների հարցին՝ Գամղրելիձեն խորհուրդ է տվել «չշտապել»:
«Այս շաբաթ տեղի կունենան համակարգող խորհրդի մի քանի նիստեր, որտեղ մանրամասն կքննարկվեն այս բոլոր խնդիրները, կվերլուծվի երկրում առկա համաճարակաբանական իրավիճակը, ինչպես նաև այն առաջընթացը, որին մենք հասել ենք նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի 24-ը կիրառված սահմանափակիչ միջոցառումների միջոցով», – ասել է Գամղրելիձեն:
«NCDC»-ի ղեկավարը կարծում է, որ Վրաստանը կորոնավիրուսի գագաթնակետային ժամանակահատվածն անցել է նոյեմբերի վերջին և դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Նա նշել է, որ այդ ժամանակից ի վեր վարակի նոր դեպքերի թիվը «կայունորեն նվազում է», բայց ներկայումս գրանգվող տեմպերը դեռ բավականին բարձր են:
«Իրավիճակը կայունանում է, բայց դա մեզ թուլանալու առիթ չի տալիս, քանի որ վարակը դեռ լրջորեն շրջանառվում է երկրում», – նշել է Գամղրելիձեն:
Նոր տարվա կապակցությամբ Վրաստանում կարանտինային սահմանափակումները մեղմվել էին ընդամենը մեկ շաբաթով՝ դեկտեմբերի 24-ից հունվարի 3-ը: Երկրի խոշոր քաղաքներում թույլատրվել էին առևտրի կենտրոնների և ոչ պարենային ապրանքների խանութների մեծ մասի աշխատանքը:
Համաճարակաբանները դեմ էին այդ մեղմացումներին: Նրանք վախենում են, որ շարժունակության բարձրացումը բացասաբար կանդրադառնա համաճարակային իրավիճակի վրա: Փորձագետները կանխատեսում են, որ այս «արձակուրդների» արդյունքը գլուխ կբարձրացնի հաջորդ շաբաթվա ընթացքում:
Հունվարի 3-ից ներառյալ 15-ը Վրաստանում հայտարարվել է ոչ աշխատանքային օրեր: Գործում են միայն բանկերը, ինչպես նաև ռազմավարական նշանակության օբյեկտները և ծառայությունները:
Վրաստանում հունվարի 16-ից հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է վերականգնել քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի, առևտրի օբյեկտների, բաց և փակ շուկաների աշխատանքը: Նշված ծրագրի համաձայն՝ վերոհիշյալ օբյեկտները հանգստյան օրերին կրկին չեն աշխատելու:
Հայտնի չէ, թե երբ կչեղարկվի «պարետային ժամը» երկրում, իսկ բարերին և ռեստորաններին երբ կթույլատրվի ընդունել այցելուներին: