Երկուշաբթի վաղ առավոտյան 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում։ Հզոր երկրաշարժից, ըստ նախնական տեղեկությունների, ավելի քան 100 մարդ է զոհվել, և շենքեր են հողին հավասարվել: Գրում է hetq.am-ը:
Երկրաշարժը տեղի է ունեցել, երբ մարդիկ քնած էին։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունը՝ AFAD-ը, հայտնել է, որ երկրաշարժի առաջին ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:17-ին (Գրինվիչի ժամանակով 0117-ին) Փազարջիք քաղաքում՝ Գազիանթեփից մեկ ժամ դեպի հյուսիս՝ Թուրքիայի հարավային առանցքային արդյունաբերական քաղաքից մեկ ժամ դեպի հյուսիս: Երկրորդ ցնցումը զգացվել է տեղական ժամանակով ժամը 04:26-ին (0126 GMT), որի էպիկենտրոնը գտնվում է Նուրդաղի քաղաքում՝ մոտ 80 կմ (50 մղոն) հարավ-արևմուտք:
Թուրքիան հայտարարել է առնվազն 76 զոհի և 440 վիրավորի մասին երկրի հարավային յոթ նահանգում, որոնք հարակից են Սիրիայի հյուսիսային սահմանին: Սիրիայի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ առնվազն 50 մարդ է զոհվել, 200-ը՝ վիրավորվել։ Սիրիայի հայկական «Գանձասար» լրատվամիջոցի հաղորդմամբ, ցնցումներն ամենից ուժեղ զգացվել են Իդլիբում, Հալեպում եւ Լաթաքիայում։ Զոհերի մեջ հայեր էլ կան։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են մինչև Լիբանան, Հունաստան, Իսրայել և Կիպրոս կղզի:
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժի կենտրոնը եղել է գրեթե 18 կմ խորության վրա, իսկ 10 րոպե անց տեղի է ունեցել 6,7 ուժգնությամբ հետցնցում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տուժած շրջաններ անմիջապես որոնողափրկարարական խմբեր են ուղարկվել։ «Մենք հուսով ենք, որ այս խնդիրը միասին կհաղթահարենք հնարավորինս շուտ և նվազագույն վնասով», – ասել է նա:
Սիրիական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հալեպի նահանգում մեծ թվով շենքեր են փլուզվել:
Ականատեսների հաղորդմամբ, Դամասկոսում, ինչպես նաև լիբանանյան Բեյրութ և Տրիպոլի քաղաքներում մարդիկ վազել են փողոց և գնացել դեպի իրենց մեքենաները, որպեսզի փլուզումների դեպքում հեռանան շենքերից։
Թուրքական Կարմիր խաչի ղեկավարն ասել է, որ մոբիլիզացնում է ռեսուրսները տարածաշրջանի համար, քանի որ տեղեկություն է ստացել լուրջ վնասների և փլուզված շենքերի մասին, և կոչ է արել մարդկանց տարհանել վնասված տներից։
Թուրքիան աշխարհի ամենաակտիվ երկրաշարժերի գոտիներից մեկում է։ Փորձագետները երկար ժամանակ զգուշացրել են, որ մեծ երկրաշարժը կարող է ավերել Ստամբուլը, որտեղ թույլ է տրվել լայնածավալ շինարարություն առանց անվտանգության նախազգուշական միջոցների:
2020 թվականի հունվարին Էլազըղում տեղի է ունեցել 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ։ Իսկ այդ տարվա հոկտեմբերին Էգեյան ծովում տեղի ունեցավ 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց 114 մարդ, վիրավորվեց ավելի քան 1000-ը:
Նյութը՝ ըստ Reuters-ի, Agence France-Presse-ի, Associated Press-ի եւ The Guardian-ի
Լուսանկարը՝ MAHMUT BOZARSLAN/AFPTV/AFP/Getty Images