Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 15 380-ը։ Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների, միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 12 391-ի, իսկ Սիրիայում վերջին տվյալներով կա առնվազն 2992 զոհ։

Anadolu գործակալությունը, հղում անելով AFAD-ին, գրում է, որ Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 62 914-ի։ Ավելի վաղ նշվում էր 52 979 վիրավորի մասին։ Թուրքական կողմը նշում է, որ երկրաշարժից մեծապես տուժել են Գազիանթեփի, Հաթայի, Օսմանիյեի, Ադըյամանի, Մալաթիայի, Շանլըուրֆայի, Ադանայի, Դիարբեքիրի և Քիլիսի նահանգները։ Սիրիայում էլ երկրաշարժից առավելապես տուժել են Հալեպը, Լաթաքիան, Համան, Իդլիբը և Տարտուսը։

Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ փլուզվել է 6000-ից ավելի շինություն։ «Մենք մոբիլիզացրել ենք մեր ամբողջ ռեսուրսները։ Պետությունն աշխատում է համայնքների հետ, հատկապես AFAD-ը՝ իր ողջ միջոցներով»,- Քահրամանմարաշ նահանգում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա յոթօրյա համազգային սուգ է հայտարարել, իսկ երկրում իջեցվել են բոլոր դրոշները։