Վրաստանի 2 դպրոցում կա մեկական աշակերտ, 4 դպրոցում՝ 2-ական աշակերտ, 9 դպրոցում՝ 3-ական աշակերտ, 6 դպրոցում՝ 4-ական աշակերտ, իսկ 8 դպրոց ունի 5-ական աշակերտ։ Ախալքալաքի Ափնիա գյուղի դպրոցը երկու աշակերտ ունեցող դպրոցների թվին է պատկանում, իսկ Թախչա գյուղի դպրոցը՝ երեք աշակերտ ունեցող հանրակրթական հաստատությունների թվին։

Երկու աշակերտի դպրոց․ Ջավախքում արտագաղթը շարունակվում է

Վրաստանում 2 դպրոց ունի մեկական աշակերտ։ Ցածր և բարձր ընդգրկվածությամբ դպրոցների մասին տեղեկությունը «Ինտերպրեսնյուզ»-ը հայցել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ վերը նշված դպրոցները գտնվում են Դուշեթիի և Կասպիի մունիցիպալիտետներում։

Մասնավորապես, Դուշեթիի մունիցիպալիտետի Չարգալի գյուղի հանրային դպրոցում մեկ աշակերտի դասավանդում է 7 ուսուցիչ, իսկ Կասպիի մունիցիպալիտետի Գուդալեթի գյուղի հանրային դպրոցում մեկ աշակերտի դասավանդում է 4 ուսուցիչ։

Բացի այդ, Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տրամադրած տեղեկատվության համաձայն` Վրաստանի ևս 4 դպրոցներում գրանցված է 2-ական աշակերտ, 9 դպրոցում՝ 3-ական, 6 դպրոցում՝ 4-ական, իսկ 8 դպրոցում՝ 5-ական աշակերտ։ Միջին հաշվով այս դպրոցներն ունեն 3-ից 13 ուսուցիչ:

Ընդհանուր առմամբ Վրաստանում կա 288 դպրոց, որտեղ սովորում է 1-ից մինչև 30 աշակերտ։

Ինչ վերաբերում է թվաքանակով խոշոր դպրոցներին, ապա, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Թբիլիսիի առաջին փորձարարական հանրային դպրոցում են սովորում ամենաշատ աշակերտները՝ 2 664 հոգի։ Դրան հաջորդում է Թբիլիսիի թիվ 175 հանրային դպրոցը՝ 2 633 աշակերտով, երրորդ տեղում թիվ 161 հանրային դպրոցն է՝ 2 548 աշակերտով։

Բացի Թբիլիսիում գործող հանրային դպրոցներից, լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Բաթումիի թիվ 6 ֆիզիկամաթեմատիկական և թիվ 8 հանրային դպրոցները, ինչպես նաև Քութայիսիի Ակակի Ծերեթելիի անվան թիվ 1 հանրային դպրոցը։

Նշենք, որ Վրաստանում գործում է 2 085 դպրոց, որտեղ առաջինից տասներկուերորդ դասարաններում ուսանում է 632 726 աշակերտ։