Ուսումնական տարվա մեկնարկին երկրում 880 000 երեխա միանվագ օգնություն կստանա:
Ըստ Վրաստանի վարչապետի, երկարատև տնտեսական ճգնաժամի պայմաններում հիմնական խնդիրն է հնարավորինս օգնել ընտանիքներին, որպեսզի ինչ-որ կերպ պահպանվի սպառման մակարդակը, հատկապես երեխաների համար նախատեսված: Նա հավելել է, որ եթե այսպես շարունակվի, կառավարությունը ստիպված կլինի հայտարարելու սոցիալական աջակցության ևս մեկ փաթեթ հաջորդ տարվա սկզբին:
«Մինչև 17 տարեկան բոլոր երեխաները, անկախ նրանից, թե քանի երեխա է ընտանիքում, կստանան 200-ական լարի: Ապահովված ընտանիքները, ովքեր կարող են հրաժարվել այս օգնությունից, իհարկե, կարող են և չհրաժարվել: Այսօր Վրաստանում կա 880 հազար երեխա: Ընտանիքները, հատկապես մեծ ընտանիքները, որոնք պետք է դիմակայեն տնտեսական ճգնաժամի հարվածին, ամեն ինչի հետ միասին, պետք է սկսեն սովորական ռեժիմով դասապրոցեսը: Ցույց տվեք ինձ գոնե մեկ հոգու այս երկրում, ով կասի, որ նման որոշումը սխալ քայլ է: Ցույց տվեք այդպիսի մարդու, ես ուզում եմ նայել նրա աչքերի մեջ: Մենք բոլորս լավ հասկանում ենք, և բոլոր միջազգային ուսումնասիրությունները վկայում են, որ Վրաստանում սոցիալական օգնությունն ամենաշատը անհրաժեշտ է երեխաներին», – ասել է Գախարիան՝ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Ֆինանսական օգնություն ստանալու համար ծնողները պետք է որոշակի փաստաթղթեր տրամադրեն, – կառավարության նիստից հետո ասել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Վրաստանի իշխանությունները կստեղծեն հատուկ պորտալ, որտեղ ծնողները կարող են գրանցել և վերբեռնել համապատասխան փաստաթղթերը:
«Առողջապահության նախարարությունն արդեն սկսել է աշխատել հայտադիմումի ձևի և հատուկ փաստաթղթերի վրա: Կարծում ենք, որ այս պարագայում փաստաթղթերի ցանկը պետք է լինի որքան հնարավոր է պարզ, որպեսզի մեր երեխաների բարօրության համար միջոցների փոխանցումը հնարավոր լինի արագ: Մենք պորտալը կդարձնենք մատչելի, որտեղ դուք կարող եք վերբեռնել փաստաթղթերը», – ասել է Տիկարաձեն:
Ըստ նրա, Առողջապահության նախարարությունը հույս ունի, որ երեխաների համար նախատեսված ամբողջ օգնությունը կփոխանցվի սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 15-ը: Իսկ գրանցումը կսկսվի օգոստոսի 15-ից: