Հունիսի 29-ի երեկոյան, Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում բացահայտվել են թունավորման դեպքեր։ Բնակիչները ենթադրում են, որ թունավորման պատճառը կարող է լինել խմելու ջուրը, որը վաղը կուղարկվի լաբորատոր հետազոտման։

Նինոծմինդայի հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանն ասում է, որ իրենք այսօր են տեղեկացել դեպքի մասին և անհապաղ սկսել ուսումնասիրել։

«Ժողովրդի կարծիքով թունավորումը կապված է ջրի հետ, այդպես են ենթադրում։ Թունավորվածների քանակը բավականին շատ է, բնակչության մոտ 30 տոկոսը։ Ծանր դեպքեր չկան, ստամոքսաղիքային երևույթներ են՝ ընդհանուր թուլություն, սրտխառնոց, լուծ, բայց կարճատև, երկու օր է տևում, առավելագույնը՝ երեք, բնակիչներին անհանգստացնում է հիմնականում թուլությունը։ Հնարավոր է, որ լինի ջրից, սակայն տարբեր միջոցառումներ են իրականացվել ջրի ախտահանման ուղղությամբ»։

Այսօր արդեն ջրի ավազանը քլորացվել է, ջրից նմուշ է վերցվել, որը վաղը կուղարկվի լաբորատորիա հետազոտման։ Բնակիչներին զգուշացված է, որ ջուրը օգտագործեն միայն եռացնելուց հետո։

Մեծ Արագյալ գյուղի մասնագետ Արման Աղջոյանն ասում է՝ ենթադրաբար թունավորումը կարող էր ջրից լինել:

«Թունավորման առաջին դեպքը գրանցվել է հունիսի 29-ի երեկոյան, ծանր դեպքեր չեն գրանցվել, հիմնականում մեծերի շրջանում է, փոքրերի մոտ էլ է եղել, բայց ավելի թեթև»:

Նրա խոսքերով, գյուղում խմելու ջրի ավազանները խնդիր չունեն։ Ջուրը մաքրված է քլորով և գյուղի մասնագետը օրվա ընթացքում հետևողական է ավազաններին։

Մ․ Արագյալի բնակիչ Աղջոյան Պ․-ի խոսքով, նրա ընտանիքի անդամներն արդեն երեք օր է թուլություն և ջերմություն ունեն, տանը հիվանդ պառկած են։

Արագյալի թունավորված բնակիչները Նինոծմինդայի կլինիկայում կաթիլային ներարկում են ընդունել մաքրման համար։

Դեպքը դեռ ուսումնասիրման փուլում է: