Անհատ ձեռներեց Ռուբեն Գալստյանը ԵՄ ENPARD-2 ծրագրով զբոսաշրջիկների համար հյուրանոց կառուցելու դրամաշնորհ է շահել։ Մինչդեռ բիզնեսը վնասով է աշխատում, թեպետ ձեռնարկատերը չի ընկճվում, ինտենսիվ աշխատում է և հուսով է, որ իր բիզնեսն ապագայում կբարգավաճի։

Ռուբեն Գալստյանը ԵՄ ENPARD-2 ծրագրի շրջանակներում LAG (Տեղական զարգացման խումբ) մրցույթին մասնակցել է 2019թ.-ին: Ծրագրի գումարը կազմել է 200 000 լարի, որից 120 000 լարի դրամաշնորհն է, իսկ 80 000 լարին ձեռնարկատիրոջ ինքնաֆինանսավորումը։

Ռուբեն Գալստյանը գիտեր, որ դժվար է լինելու, որ հարկավոր է շատ աշխատել, զբոսաշրջիկների կողմից ճանաչումն անմիջապես չի գալու, բայց, ինչպես ինքն է ասում, իրենք պատրաստ էին դրան։

Զարգացման համար, նրանք տուրիստական գործակալությունների բոլոր փոխզիջումներին գնում են, միայն թե բիզնեսին մեկնարկ տան։

Հենց հյուրանոցի շինարարությունն ավարտվեց, սկսվեց կորոնավիրուսի համավարակը։ 2020 թվականին ընդհանրապես զբոսաշրջիկներ չկային, 2021 թվականին սկսեցին միայնակ զբոսաշրջիկները ժամանել, որոնք շատ չէին։ 2022 թվականին, Գալստյանի խոսքով, իրենք արդեն մի քանի խմբեր են ընդունել Հայաստանից, և այս ամենը իրենց աշխատանքի շնորհիվ է։

gostinaca1

«Տուրիստական գործակալությունները հետաքրքրվեցին մեզանով, մենք հետաքրքրվեցինք նրանցով: Մենք ամեն ինչ անում ենք, որ գործակալությունները հետաքրքրվեն մեր տեղանքով, տարբեր մարդկանց միջոցով կապեր ենք գտել, համագործակցում ենք MGM գործակալության հետ, որն իր հերթին մեզ ծանոթացրեց «Համշեն Տուր»-ի հետ։ Մենք հիմա բանակցում ենք նրանց հետ: Մենք հիմա զեղչեր ենք անում տուրիստական գործակալությունների համար, մեկ գիշերվա համար վերցնում ենք 40 լարի, ներառյալ նախաճաշը, որը հավասար է ճաշին: Ոչ մի տեղ նման բան չկա»,- ասում է Ռուբեն Գալստյանը։

Հյուրանոցն ունի 7 համար, երեքտեղանոց: Այն նախատեսված է 21 անձի համար։ Ըստ Ռուբեն Գալստյանի, տեղերի թիվը պատահական չի հաշվարկվել, քանի որ մեկ երթուղայինում տեղավորվում է 21 հոգի:

Դեռևս չստանալով որևէ մեծ շահույթ հյուրանոցից, գործարարը ներդրումներ է կատարում զարգացման համար։ Ռեստորանի վերանորոգումն արդեն ավարտվում է, որպեսզի զբոսաշրջիկները երեկոյան ժամանցի տեղ ունենան։

Հյուրանոցային համալիրը, որը ստացել է «Ջավախք» անվանումը, կառուցվել է Կոթելիա գյուղի տարածքում՝ Ախալքալաք-Բակուրիանի մայրուղու վրա, որը, կարելի է ասել, չի գործում իր ավերված վիճակի պատճառով։

Ռուբեն Գալստյանն ասում է, որ քանի դեռ իրենց հյուրանոցի շրջակայքում ենթակառուցվածքները զարգացած չեն, քանի դեռ Տաբածղուրիի և Բակուրիանիի ճանապարհը բաց չէ, զբոսաշրջիկները քիչ կլինեն։ Բայց գործարարը լավատեսորեն է տրամադրված, վերջինս հույս ունի, որ շուտով ճանապարհը կբացվի, և իր ծրագրերն իրականություն կդառնան։