Վատ եղանակը լուրջ վնաս պատճառեց Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերին, որտեղ ուժեղ կարկուտը ոչնչացրեց գյուղատնտեսական մշակաբույսերի գրելե ամբողջ բերքը: Մարդկանց մեծ մասը չէին ապահովագրել իրենց բերքը տարբեր պատճառներով, ինչը նշանակում է, որ նրանք փոխհատուցում չեն ստանա:
Վերջին շաբաթների ընթացքում կարկտահարության հետևանքով առավել տուժել են հետևյալ գյուղերը՝ Կարտիկամ, Խուլգումո, Չամդուրա, Կուլիկամ, Բավրա, Խոսպիո, Մուրջախեթ և Օլավերդ: Կարկուտը, որը տևել է մոտ մեկ ժամ, ոչնչացրել է մի քանի հարյուր հեկտար ցանքատարածություն: Վնասի ճշգրիտ չափերը դեռ հայտնի չէ: Վերոհիշյալ գյուղերից առաջ կարկտահարությունից տուժել էին նաև Հոկամ, Գոգաշեն և մի շարք այլ գյուղեր:
Ըստ Վրաստանի գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեի, վնասը տարբեր գյուղերում տարբեր չափի է:
«Համաձայն գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչների տեղեկությունների, կարկուտը ոչնչացրել է բերքի 20%-ից մինչև 60% բերքը», – ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Վերջերս Ախալքալաքի մունիցիպալիտետում կարկտահարություն հաճախ է լինում, բայց վերջին անգամ տեղացած ուժեղ կարկուտը ոչնչացրեց գյուղատնտեսական մշակաբույսերի գրեթե ամբողջ բերքը: Տուժեցին բանջար-բոստանային մշակաբույսերը, կարտոֆիլի դաշտերը, հացահատկային մշակաբույսերը, հատապտուղները և մրգերը: Կարկուտն այնքան ուժեղ և խոշոր էր, որ գյուղացիները նույնիսկ հույս չունեն, որ որևիցե մշակաբույս կվերականգնվի:
Ըստ Ռամազ Գոգոլաձեի, ովքեր հողերը գրանցել և ապահովագրել են, նրանք կստանան փոխհատուցում: Բացի այդ, բոլոր ֆերմերները անպայման պետք է գրանցվեն ֆերմերների տվյալների բազայում:
«Եթե ֆերմերը կամ հողագործը ցանկանում է փոխհատուցում ստանալ իր բերքի դիմաց, ապա նրանց հողերը պետք է ապահովագրված լինեն», – ասում է նա:
Jnews-ը կապ հաստատեց գյուղերի որոշ ներկայացուցիչների հետ: Պարզվեց, որ մեծ մասը չի ապահովագրել բերքը:
Բնակիչների մեծ մասը տարբեր պատճառներով չեն ապահովագրել իրենց բերքը: Պատճառներից մեկը չգրանցված հողերն են: Շատերը չեն կարողացել գրանցել իրենց հողերը, ուստի չեն ապահովագրել դրանք: Մեկ այլ պատճառն էլ փոխհատուցումից դժգոհությունն է համարվում:
Ինչպես հավաստիացնում են գյուղացիներից շատերը, այս տարի իրենք չեն ապահովագրել իրենց հողերը, քանի որ անցյալ տարի ապահովագրական ընկերության ներկայացուցիչները վնասը գնահատել էին շատ ավելի քիչ, քան իրականում էր:
Բերքի ապահովագրումը պետական ծրագիր է: Ապահովագրական ընկերությանը ապահովագրության գումարից 70%-ը վճարում է պետությունը, իսկ 30%-ը` հողատերը: Ախալքալաքի մունիցիպալիտետում բոլոր ընկերություններն ապահովագրում են բերքը կարկուտից, ջրհեղեղից, աշնանային ցրտահարություններից և փոթորկից:
Գյուղատնտեսական ապահովագրության պետական ծրագիրը գործում է 2014 թվականից, բայց Ախալքալաքի մունիցիպալիտետում դեռևս քչերն են դրանից օգտվում: Ներկայումս Վրաստանում գործում են լիցենզավորված ագրոապահովագրական յոթ ընկերություն:
Բրատիսլավ Իգիթխանյան