Ադրբեջանը, Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց, Հայաստանին է փոխանցել 15 գերու։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հունիսի 12-ին, Աղդամի շրջանում տեղադրված 97 հազար հակահետևակային և հակատանկային ականների դիմաց, հայկական կողմին է փոխանցվել 15 ձերբակալված անձանց»,- այդ մասին նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ տվյալներով՝ փոխանակումը տեղի է ունեցել ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է 15 հայ գերու վերադարձի փաստը՝ նրանց լուսանկարը տեղադրելով ֆեյսբուքյան իր էջում։ Այդ մասին նա հայտարարել էր նաև Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ։ «Ես լավ լուրեր ունեմ։ Մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են հայրենիք։ Նրանք հիմա ճանապարհին են։ Երբ կլինեն Հայաստանում, առավել մանրամասն հայտարարություն կանեմ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հայտարարում էր, որ հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին՝ պնդելով, որ մնացած անձինք գերի չեն և իրականացրել են ռազմական հանցագործություններ։