Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ից պահանջել է ԼՂ հարցով արտակարգ նիստ անցկացնել, Ֆեյսբուքում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահից պահանջվել է անցկացնել ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ», – մասնավորապես գրել է Մարուքյանը։

ԱԽ են դիմել երեկ՝ խնդրելով նաև, որ Հայաստանի պատվիրակությանը հնարավորություն տրվի մասնակցելու Խորհրդի նիստին։

Ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակն ու շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում, նշել է, որ ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջամտությունը՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի։

Արդեն երկու ամիս ամբողջովին պաշարված Արցախի նախագահը օրերս հրատապ ուղերձով միջազգային հանրությունից խնդրեց ու պահանջեց՝ անհապաղ կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը։ Հարությունյանն առաջինը դիմեց Հայաստանին՝ ակնկալելով, որ Երևանը Արցախում ստեղծված իրավիճակը անհապաղ կդարձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման հարց, կհասնի Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների, դրան գումարած Հայաստանից չեն հնչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող հայտարարություններ։

Հրատապ ուղերձին Մարուքյանն էր արձագանքել՝ նշելով, որ Հայաստանը Արցախի փակ միջանցքի հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, սակայն թե երբ հստակ չէ։

Նյութը ամբողջությամբ’ azatutyun.am