Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ 2022 թվականին ապրանքաշրջանառությունը տպավորիչ է եղել։ Նա պարզաբանել է, որ երբ 2019 թվականին Վրաստանի վարչապետը այցելել է Հայաստան, նախատեսվում էր ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի, և այսօր կողմերը մոտեցել կամ գերազանցել են այս ցուցանիշը։
Անցած տարի Հայաստանից Վրաստան է արտահանվել ավելի շատ էլեկտրաէներգիա, քան նախորդ 10 տարիներին միասին։
Միաժամանակ Փաշինյանը հավելել է, որ բարձր աճն ունի իր խնդիրները, քանի որ տեմպերը պետք է պահպանվեն, այլապես հետընթաց կլինի։
«Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորվել են քաղաքական, տնտեսական, ջերմ մարդկային հարաբերություններ։ Պետք է այնպես անել, որ այդ հարաբերությունները ինստիտուցիոնալ դառնան։ Այն, որ Հայաստանի քաղաքացիները կարող են նույնականացման քարտերով հատել Վրաստանի սահմանը, դա տնտեսական, քաղաքական և մշակութային գործոն է։ Սա կնպաստի հարաբերությունների զարգացմանը», – ընդգծել է կառավարության ղեկավարը։