Անքուն գիշերներ, վախի մթնոլորտ,  ինքնակազմակերպվող երիտասարդություն, տարհանված բանկիչներ, ռազմագիտության երիտասարդ ուսուցիչ, ով պատերազմից հետո Գորիսից գյուղ է վերադարձել, կրակոցներ, լուռ, բայց և խոսուն հայացքներ… այսպիսին է դարձել կյանքը Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած Խնածախ և Ակներ գյուղերում՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո:

Այնտեղ, որտեղ հայերն ու ադրբեջանցիները լուռ հայացքներ են փոխանակում

IMG_1615

Ակներ գյուղը

Ակները դիրքերից բավականին հեռու է գտնվում, բայց ոչ միայն Ակներ գյուղը, այլև ամբողջ Գորիսն է այստեղից ադրբեջանցիների նշանառության տակ:

Գորիս քաղաքը Սյունիքի մարզի կարևոր տնտեսական և ռազմավարական կենտրոն է հանդիսանում: Այստեղ է գտնվում ճանապարհային հանգույցը, երեք հիմնական ճանապարհները, որոնցից մեկը մարզը կապում է կենտրոնական Հայաստանի հետ, երկրորդը Լաչինի միջանցքով դուրս է գալիս դեպի Ղարաբաղ, իսկ երրորդը՝ տանում է Կապան, և այնուհետև՝ Իրան:

Այստեղ մարդիկ չեն սիրում խոսել դժվարությունների մասին, չեն ուզում պատմել իրենց մասին: Մեր հարցերին հակադարձում են՝ «հենա ադրբեջանական ալիքները միացրեք տեսեք ոնց ենք ապրում: Մի քանի օր առաջ իրենց դիտակետերից նկարած մեր գյուղն էին ցույց տալիս: Հիմա հասկանում եք ինչպես ենք ապրում, պետք է համակերպվենք այս վիճակին, ուրիշ տարբերակ չունենք»:

Արմանը (խմբ. անունը հատուկ է փոխված) պատերազմի հենց առաջին օրը կամավորագրվել և մինչև նոյեմբերի 9-ի հրադադադարը կռվել է Ջաբրայիլում: Նա չի սիրում խոսել դրա մասին:

«Մեզանից ոչ ոք համաձայն չէր հրադադարի հետ:  Դա քիչ էր, հիմա էլ եկան մեր Իշխանասարը վերցրին, նայեք վերում ամենաբարձր կետում իրենք են: Այդտեղ մշտապես մառախուղ է, մեր ապագայի նման մշուշոտ»:

Արմանի կրտսեր եղբայրը մառախուղի պատճառով տեղանքում չկողմնորոշվելով հայտնվել էր ադրբեջանցիների մոտ: Երկու օր գերության մեջ մնալուց հետո ռուս խաղաղապահների անմիջական միջնորդությամբ կարողացել է գերությունից վերադառնալ:

0S1A6904
Այս սարերում հայկական ու ադրբեջանական դիրքերը շախմատաձև են դասավորված

«Ճանապարհ կա, համ մենք ենք անցնում այդտեղով, համ իրենք, իրար տեսնում ենք, լուռ հայացքներ փոխանակում: Եղել է դեպք, որ օրինակ մեր տղաներից ծխախոտ են խնդրել: Հիմա նույնիսկ դիրք ունենք, որտեղ մեզ թուրքն անմիջապես ստուգում, որ անցնենք»,- ասում է ակներցի տղամարդը, ով մասնակցել է թե քառօրյա, թե 44-օրա պատերազմին:

Նա մեքենայով մեզ ուղեկցում է գյուղի բարձրադիր արոտավայրերը, որտեղից երևում են նոր դիրքերը:

«Մթնաձորի մասին լսե՞լ ես, սա Մթնաձորն է, տեսեք մերոնք առանց վախի ոչխարներն են արածեցնում: Ահա այս բլուրի վրա իրենց դիտակետերն են, ձորի բերանով նայեք, այս սարերով իրենք են, Իշխանասարը հետևում է ընկնում: Այս հատվածում շախմատաձև են մեր ու իրենց դիրքերը»:

0S1A6929

Ակների հովիվները ոչխարներն են արածեցնում

Մեր զրուցակիցը 44-օրյա պատերազմում կռվել է Հադրութում և Քարին Տակում: Ծանր զենքի դասակի հրամանատարի տեղակալ է:

«Մեզ խաբեցին, ասացին Հադրութում թուրք չկա, մտանք մնացինք շրջափակման մեջ, զոռով ենք դուրս եկել, Քարին Տակում 27 հոգիս կալցոյի մեջ ենք եղել, որ հայ-հայ արդեն չկայինք, հետո նահանջ տվին: Ամսի 8-ի գիշերը անտառից դուրս եկանք, 9-ին ստորագրեցին հրադադար: Ես շատ վատ եմ ընդունել հրադադարը, ափսոսում եմ, որ գնացել եմ կռվին մասնակցել եմ: Արդեն թուրքը ուժասպառ եղած էր, մեր հուպ տալու վախտն էր»:

Գյուղի բնակիչները վստահեցնում են, արդեն կես տարի է ադրբեջանցիները առաջ են եկել, փոխվել է դիրքային դասավորվածությունը, բայց ոչ իրենց մտադրությունները: Հայրենի բնակավայրից հեռանալու մասին խոսք անգամ չի կարող գնալ: Հակառակը՝ նրանք մտածում են ինչպես և ինչով օգնեն բանակին, դիրքերը ամրացնեն, որ տղաներին հարմար լինի երկրի սահմանների պահպանությունը:

0S1A6955

Գյուղ Ակներ 

Ակներում մարդիկ խուսափում են սեփական տան դարպասներից դուրս գալ, ավելի ինքնամփոփ փակ կյանք են սկսել վարել, միայն երեխաներն են, որ ցանկացած անծանոթի ձայնից դուրս են վազում, տեսնելու այս անգամ իրենց գյուղ ով է եկել:

2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում:

 

Այստեղ հայն ու ադրբեջանցին երկու մետր հեռավորության վրա են գտնվում

0S1A6812
Գորիս, գյուղ Խնածախ

Խնածախի առօրյան առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում Սյունիքի մարզի մյուս գյուղերից, բայց դա միայն առաջին հայացքից: Գյուղից ընդամենը 50 մետր հեռավորության վրա կողք-կողքի ծածանվում են հայկական ու ադրբեջանական դրոշները:

Գյուղում առաջիններից հանդիպում ենք Լիային ու նրա ընկերուհուն, հարցնում եմ՝ աղջիկներ ձեզ կարելի է նկարել, հնչում է հետևյալ պատասխանը՝ չէ, մենք չենք ուզում հայտնի դառնալ: Շարունակում եմ՝ տևական ժամանակ է այնտեղ ադրբեջանական դրոշներ են երևում, չե՞ք վախենում: 16-ամյա Լիայի պատասխանը հստակ էր ու կտրուկ՝ իրենք թող անհանգստանան, որ մենք ենք այստեղ:

Մեծ թե փոքր, այստեղ բոլորը բոլորին ինքնավստահ ժպտում են, կատակ անում, փորձում թաքցնել իրականությունը, որ օրինակ՝ յուրաքանչյուր օր վախով են քնում, բայց ինչպես իրենք են ասում՝ պինդ են ու գյուղից հեռանալու մասին չեն մտածում: Թեև 2021 թվականի մայիսից սահմանապահ դարձած գյուղում խնդիրները շատ-շատ են՝ աշխատատեղերի բացակայությունից մինչև տարհանված բանկիչներ…

68-ամյա Վլադիմիրը տաքսիի վարորդ է, ծնվել ու ապրել է Խնածախում: Կնոջ հետ տքնաջան աշխատել է գյուղում և սեփական տնտեսությունը հիմնել: Երկհարկանի տան առաջին հարկում խանութ է բացել, սա Խնածախի միակ խանութն է, որտեղից մարդիկ առևտուր են անում: Նա քաջատեղյակ է գյուղի անցուդարձին, մեքենա է անցնում, աչքով-ունքով ինչ-որ բան են իրար ասում, վերջում Վլադիմիրը ձեռքով է անում, հասկացնելով, որ շուտով կգա: Այդպես նրանք պայմանավորվում էին, որ այս գիշերը իրենք են հսկելու գյուղը: Բանն այն է, որ 2021 թվականի մայիսից հերթափոխով գյուղի թե երիտասարդ, թե հասակով տղամարդիկ հսկում են գյուղացիների գիշերային անդորրը:

0S1A6788

Գյուղի տաքսիի վարորդը

Տաքսիի վարորդ Վլադիմիրը թվարկում է գյուղի խնդիրները, և վստահեցնում, որ ոչ մի դեպքում չի հեռանա Խնածախից:

«Եթե տղաս որոշի հեռանալ ես դեմ չեմ կանգնի, դա իր որոշումը կլինի: Բայց նա էլ չի հեռանա, մինչև պատերազմը տղաս Գորիսում էր բնակվում, հետո որոշեց վերադառնալ գյուղ, մեր երիտասարդությունը շատ լավն է», – ասում է նա:

Գյուղի հիմնական խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է, երիտասարդները ստիպված թողնում են գյուղն ու հեռանում:

«Եթե աշխատատեղ լինի` չեն հեռանա: Տղաս գյուղի ռազմագիտության դասատուն է, բայց դրանով ընտանիք հնարավոր չէ պահել»:

Ապագայի երկարատև ծրագրերի մասին այստեղ չեն խոսում, թշնամին մի քանի հարյուր մետրի վրա է, ինչ իմանան, որ վաղը չեն հարձակվի:

«Իրիկունը խաչակնքվում ենք ու քնում, ոնց ենք ապրում, այ տեսնում ես ամեն տեղ փակ է, շրջափակման մեջ ենք, շատ վատ վիճակում ենք: Գիշերը 10 անգամ վեր ենք կենում տեսնենք ինչ է դառնում վիճակը, որտեղից են հարձակվում: Ասում են, որ լավ կլինի, տեսնենք, բայց ոնց հավատանք: Թուրքիայի մեջ նստած ենք, զենքերը բերել նստել են մեր գլխին, էս քեզ լավ կլինի, թուրքը մեր գլխավերևում կանգնած է, ասում են չվախենաք», – ասում գյուղի 67-ամյա բնակիչ Ազնիվ Մինասյանը:

0S1A6825

Խնածախ գյուղի կենտրոնը

Փայլակի մեծ ընտանիքից ընդամենը երկուսն են մնացել գյուղում՝ ինքն ու կինը: Որդիներն իրենց ընտանիքների հետ Եղվարդ և Նորագավիթ են տեղափոխվել:

«Անվիճակ ենք ապրում, պատերազմային շրջանից հետո էս վիճակն է, իմ հողերը մնացել են լրիվ իրենց ձեռքն է», – ասում է 62-ամյա Փայլակ Աբրահամյանը:

Մարդիկ վստահ են՝ պատերազմն անխուսափելի է և իրենք դրան պետք է ամեն կերպ պատրաստ լինեն, լինի դա այսօր թե 10 տարի հետո:

«Ես կարճ կոնկրետ մի բան կասեմ, 70 տարի, 1915 թվականից հետո միասին ապրել են, կռիվը լինելուց հետո ընդհարվել են, նորից են բարիշել, բայց օգուտն ինչ, որ նորից ես սկսելու պատերազմը: Ես զարմանում եմ Թուրքիայում որ 150 000 ունենք, էնտեղ ո՞նց են ապրում մերոնք, մենք ասում ենք սահմանամերձ ենք, դիրքերը կողքներս է վախում ենք», – ասում է 73 տարեկան Մելսիդա Ասատրյանը, հավելով, որ իր և բոլորի միակ երազանքը խաղաղությունն է:

0S1A6871

Խնածախի առօրյան

Ոսկեհատը երեք մանկահասակ երեխաների հետ մեկ ու կես տարի է առաջ է Արցախի Քաշաթաղի շրջանից տեղափոխվել Խնածախ: Ամուսինը 5 ամիս առաջ է մահացել սրտի կաթվածից: Այսօր երեք երեխաների մայրը ապրուստի միջոց չունի, եթե խնածախցիները նրան չօգնեն:

Որպես տարհանված բանկիչ պետությունից 25 000 դրամ նպաստ է ստանում, որով էլ գոյատևում են: Այսօր Խնածախում տարհանված 7 ընտանիք է ապրում: Հայաստանի կառավարությունը դրամական օգնություն է տրամադրում Արցախում բնակելի անշարժ գույք կորցրած կամ տեղահանված քաղաքացիներին:

0S1A6854

Քաշաթաղից տարհանված բնակիչ Ոսկեհատն ու խնածախցի Ազնիվ տատը

«Երեք անչափահասի հետ, ոչ աշխատանք ունենք, ոչ բան, այստեղ էլ վարձով ենք մնում: Գյուղացիները, հարևաներս են օգնում, պետությունը վարձի փող է տալիս, բայց դա բավարար չէ ապրելու համար, մի-մի պայուսակ վերցրել ամբողջ ունեցած չունեցածներս թողել եկել ենք», – ասում է Ոսկեհատ Բունիաթյանը:

Հայ-ադրբեջանական վերջին պատերազմը շատ բան է փոխել՝ թե հայերի, թե ադրբեջանցիների կյանքում: Նրանք այսօր իրար ավելի մոտ են քան երբևէ: Պատերազմից անցել է արդեն մեկ տարուց ավելի, միևնույն է, նրանք շարունակում են միմյանց հետ շփվել կրակոցների լեզվով: Սահմանին տիրող լռությունը շատ խաբուսիկ է, իրարից ընդամենը երկու մետր հեռավորության վրա գտնվող հայ և ադրբեջանցի զինվորականները կարող են ամիսներով լուռ հայացքներ փոխանակել ու կրակել: