Գազամատակարարման դադարեցման մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի (չճանաչված) Հանրապետության պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը: Պետնախարարն էլ հրատապ խորհրդակցություն է հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանից գազամատակարարումը խափանելու հետ կապված:
«Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը։
Արցախի պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն հրատապ խորհրդակցություն է հրավիրել գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանելու հետ կապված:
Ղարաբաղի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:
Պետնախարարը ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել այլընտրանքային եղանակներով նշված օբյեկտների գործունեությունը և բնակչության նվազագույն պահանջարկը ապահովելու համար:
Տեղեկացնենք, որ հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել էր նաև Հայաստանից դեպի Ղարաբաղ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Ձմռան պայմաններում Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է էներգամատակարարումից և արդեն նաև՝ գազամատակարարումից:
Հանրապետությունում ներկայումս էներգամատակարարում իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: