Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին ազատել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով եւ տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա», – ասել է Արցախի նախագահը:
Մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: Նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
«Ապաքինում եմ մաղթում Ջալալ Հարությունյանին եւ համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության: Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը եւ ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի», – ասել է Արցախի նախագահը: