Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։ Այս մասին Ֆեյսբուքում գրառմամբ տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Այսօր ժամը 12-ից հրադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 10 ժամից ավելի տևած բանակցությունների արդյունքում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել էր օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում, Շուշիում, Հադրութում։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել էր ռազմական դրություն։