Արցախյան պատերազմի հերոս, ծնունդով Ջավախքից, կապիտան Գրիգոր Համբարյանը շքանշանների է արժանացել։
Վերջերս 44-օրյա պատերազմի հերոս Գրիգոր Համբարյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, Հայրենիքի պաշտպանության համար «Ասպետաց Խաչ» շքանշանով և Հայրենիքին մատուցած ծառայության համար «Առյուծ ֆիդայի» մեդալով։
Գրիգորը 2020 թվականի սեպտեմբերի 30-ին շրջափակման մեջ լինելով հանդերձ կարողացել է հակառակորդից խլել 3 տանկ և 3 հետևակի մարտական մեքենա, «Արիության համար» մեդալին նա արժանացել է հենց այդ գործողության համար։
«Պատերազմի մեջ էլ կա երջանիկ պահեր, երջանիկ ես, երբ դու հաջողության ես հասնում։ Կռվի ժամանակ վիշտը չես գիտակցում, այն գիտակցում ես հետո, երբ սկսում ես մտածել ու գիտակցել, որ մենք հասանք անհաջողության, կոտրվածության», – ասում է Գրիգորը։
Արդեն 2 տարի է անցել 44-օրյա պատերազմից, Գրիգորի վերքերը դեռ թարմ են, պատերազմի ընթացքում նա նամակներ է գրել և հրապարակել սոցցանցերում, այդ դժվարին պահին մտքերը արտահայտելով։ Դրանցից մեկում ասվում է՝
«2020 թվականի նոյեմբերի 5-ի, առավոտյան լուսաբացն էր, ժամը 06։00-ին, Հադրութի 5-րդ գումարտակը բարձրացավ Քարին տակ գյուղ, Շուշի։ Չարաբաստիկ լուսաբաց էր, տեղի ունեցավ անբացատրելի մարտեր, այդ լուսաբացի հետ մեկտեղ կորցրեցինք զինակից եղբայրներ, կորցրեցինք հայրենիք։ Այդպես էլ չհասկացա, թե ով, որ ժամին, որտեղ անմահացավ կարոտը սրտում: Կարոտը սրտներումս և հայրենի հողի կարոտը։ Նոյեմբերի 5-ի կեսօրին ընկանք շրջափակման մեջ, մինչ նեյեմբերի 7-ը թույլ չենք տվել թշնամուն ներխուժի Շուշի, հույսեր ունեինք, որ թիկունքից կգան մեզ օգնության, այդպես էլ չհասավ օգնությունը։ Շուշին միայնակ էր մարտում իր հերոսներով հանդերձ, և Շուշին այդպես էլ միայնակ ընկավ իր հերոսներով հանդերձ։ 400 հոգուց ողջ մնացինք միայն 50-ը։ Փառք այն սպաներին, որ կարողացան շրջափակումից, կյանքի ու մահվան կռիվ տալով, փրկել զինվորներին։ Նոյեմբերի 7-ը Շուշիի վերջին օրը, վերջին հեռախոսազանգը։ Հազար խոնարհում մեր հերոսներին և համբերություն ապրողներին»։
Պատերազմի սկզբից մինչև վերջին օրը Գրիգորը թեժ մարտերի մեջ է եղել, նրանց զորամասը, մեկ ամիս թեժ մարտեր վարելով, պահել է Ֆիզուլին։
«Առաջին օրը, ամսի 27-ին մեր զորամասը պահում էր Ֆիզուլիից 20կմ հեռավորության վրա գտնվող տարածքը։ Երբ որ մեր գումարտակը բարձրացավ Ֆիզուլի, շատ թեժ մարտեր էր հակառակորդի կողմից, մենք կասեցրել ենք այդ ամեն ինչը, թույլ չենք տվել, որ թշնամին գա առաջ, մտնի Ֆիզուլի։ Հոկտեմբերի 13-ից մինչև 28 մենք եղել ենք շրջափակման մեջ, ընդհանուր զորամասով, 28-ի գիշերը մենք նոր դուրս ենք եկել»։
Նոյեմբերի 5-ից 7-ը նա կռվել է Շուշիում, նա այն 400 հերոսներից մեկն է, ով կռվեց մինչև վերջին րոպեն։ Թիկունքից օգնություն չունենալու պատճառով շատերը ընկան մարտի դաշտում։ Արեցին հնարավորն ու անհնարինը։ Գրիգորը 44-օրյա կյանքի ու մահվան կռվից հետո խորը վշտով, դժվարությամբ և մեծ հուզմունքով է խոսում անմահացած զինակից ընկերների և կորցրած հայրենիքի մասին։
«Գիտեք ինչ տղերք են եղել, ինչպես են կռվել, ոչ ոք չի կարող պատկերացնել, որ նորակոչիկը, 2 ամսվա ծառայողը կարող է այդպես կռվել, մեր գործը կիսատ մնաց, կարծես մի բան պարտք եմ, ես իմ գործը դեռ չեմ վերջացրել, հենց այդ զգացողությունն է իմ մոտ»։