Մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմը մարտի 16-ին սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ:

Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա:

Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ Արցախի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել մեր միասնականության, վճռականության ու համբերության միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:

Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչ օրս դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։