Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է Վրաստանում ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակի վատթարացման մասին։
Զեկույցը, որը գնահատում է աշխարհում մարդու իրավունքների իրավիճակը 2023 թվականի սկզբի համար, հրապարակվել է հունվարի 12-ին։
«Լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակը (Վրաստանում) վատթարացել է, որը դրսևորվում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա հաճախակի հարձակումներով և քննադատաբար տրամադրված հեռուստաալիքի տնօրենի ձերբակալությամբ»,- ասվում է փաստաթղթում։
Կազմակերպությունը նաև մատնանշում է իրավապահների կողմից կատարված հանցագործությունների ոչ համարժեք հետաքննությունը, Վրաստանի քաղաքացիներին ապօրինի հսկողության փաստերը, անարդար աշխատանքային պայմանները, ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնության դեպքերը և երկրում ֆեմիցիդի դեպքերի աճը։
Սրա հետ մեկտեղ նշվում է, որ Եվրահանձնաժողովի պայմանների զգալի մասը՝ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, կապված է հենց մարդու իրավունքների պաշտպանության հետ։
Կազմակերպությունը կարևորում է անցած տարվա ընթացքում Վրաստանում լրագրողների դեմ տեղի ունեցած մի շարք զարգացումներ, որոնք հատկապես մտահոգում են իրավապաշտպաններին։
Մարտ, 2022 թվական. Մի քանի հոգի հարձակվել են «Մթավարի Արխի»-ի նկարահանող խմբի վրա Զուգդիդիում սյուժեի նկարահանման ժամանակ: Նրանք տեսանյութ էին պատրաստում այն մասին, թե ինչպես են կոմունալ ծառայությունները ջնջում Ուկրաինայի դրոշի պատկերը քաղաքական կուսակցության գրասենյակի պատից։ Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել։
Մայիս, 2022 թվական. Նիկա Գվարամիայի՝ «Մթավարի Արխի» քննադատորեն տրամադրված հեռուստաընկերության տնօրենի դատավճիռը։ Դատապարտելով երեք տարի վեց ամսվա ազատազրկման՝ նա մեղավոր է ճանաչվել կառավարման որոշումներ կայացնելիս իր լիազորությունները չարաշահելու մեջ, երբ գլխավորել է մեկ այլ մասնավոր հեռուստաընկերություն։
Մայիս, 2022 թվական. Հանրային հեռարձակողի կողմից աշխատանքից ազատված երեք լրագրողներ ղեկավարությանը մեղադրել են խմբագրական քաղաքականության մեջ «կոպիտ միջամտության» և գրաքննության մեջ, հատկապես՝ Ռուսաստանին քննադատող նյութեր պատրաստելիս։ Մի քանի օր անց նույն մեղադրանքով հանդես էր եկել նույն հեռուստաընկերության մեկ այլ նախկին լրագրող։
Հունիս, 2022 թվական. Բաթումիում հարձակում է իրականացվել «TV Pirveli» օպերատոր Մուրման Զոիձեի նկատմամբ։ Հատուկ քննչական ծառայությունը երկու անձի բերման է ենթարկել:
Հուլիս, 2022 թվական. «TV Pirveli»-ի հիմնադիր Վախթանգ Ծերեթելիի` պատգամավորի կողմից ֆիզիկական վիրավորանքի գործը: Դեպքի առթիվ դատախազությունը հետաքննություն է սկսել։