Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 79-ի: Այսպիսին են կառավարության կողմից ստեղծված կայքի StopCoV.ge տվյալները:

Այսօրվա դրությամբ հիվանդանոցներից դուրս է գրվել երեք մարդ:

Ըստ ԱՀԿ-ի, միջին հաշվով, կորոնավիրուսով վարակված հիվանդը 20 օրվա ընթացքում կարողանում է լիովին ապաքինվել: Նրանք հիվանդանոցներից դուրս են գրվում միայն 24 ժամվա տարբերությամբ անցկացված երկու թեստերի բացասական արդյունքներ ստանալուց հետո: Դուրս գրվելուց հետո անձը պարտավոր է երկու շաբաթ մնալ ինքնամեկուսացման պայմաններում:

Փետրվարի 26-ից մինչ օրս Վրաստանում նոր կորոնավիրուսը հաստատվել է 370 մարդու մոտ: Նրանցից երեքը՝ 86, 81 և 76 տարեկան հիվանդները, մահացել են:

Ավստրիայի երկու քաղաքացիները, որոնց մոտ վիրուսը հայտնաբերվել էր Վրաստանում գտնվելու ժամանակ, վերադարձել են հայրենիք: Մինչդեռ բուժման համար Վրաստան են տեղափոխվել երեք հայրենակիցներ, որոնց մոտ COVID-19-ը հաստատվել է Թուրքիայում և Հայաստանում:

Այս պահի դրությամբ կլինիկաներում բուժումը շարունակում է 289 մարդ: 5 035 մարդ մնում է կարանտինում, իսկ 540-ը՝ հիվանդանոցներում, բժիշկների հսկողության տակ: