Վրաստանի կառավարությունը 5 տարվա ընթացքում կսուբսիդավորի բոլոր հիպոտեկային վարկերի վճարումների 4%-ը, որոնք քաղաքացիներին կտրամադրվի մինչև 2020 թվականի ավարտը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ շինարարական ոլորտի հակաճգնաժամային ծրագրի շնորհանդեսի ժամանակ:
Պետական ծրագրի բյուջեն 70 միլիոն լարի է (ավելի քան 22 միլիոն դոլար):
Սուբսիդավորվելու են միայն նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու համար տրված հիպոտեկային վարկերը: Քաղաքացիները, որոնց վարկերը գերազանցում են 200 հազար լարին (մոտ 23 հազար դոլար), չեն կարողանա միանալ ծրագրին: Միևնույն ժամանակ, պետությունը կդադարեցնի սուբսիդավորումը, եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջնի մինչև 5%: Եթե տոկոսադրույքը նորից բարձրանա, ծրագիրը կվերսկսվի:
Ըստ Գախարիայի՝ այս ծրագիրը «բացարձակ իրատեսական է և կոնկրետ»: Վարչապետը վստահ է, որ նախաձեռնության շնորհիվ կստեղծվի «իրական պահանջարկ շինարարական շուկայում», ինչպես նաև կօգնի հազարավոր քաղաքացիներին բարելավել իրենց բնակարանային պայմանները:
«Մենք գնում ենք այս քայլին՝ օգնելու այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են կամ արդեն բարելավում են իրենց բնակարանային պայմանները, կամ էլ նրանց, ովքեր արդեն ունեն ինչ-որ պայմանագրային պարտավորություններ, կամ նրանց, ովքեր ունեն որոշակի խնայողություններ, որոնք նախատեսել էին բնակարանային պայմանների բարելավման համար», – ասել է նա:
Շինարարությունը զբոսաշրջությունից և գյուղատնտեսությունից հետո դարձավ երրորդ ոլորտը, որի համար Վրաստանի կառավարությունը մշակեց հակաճգնաժամային ծրագիր: Ընդհանուր առմամբ, կառուցապատողներին օգնելու՝ հաղթահարել COVID-19-ի համավարակի պատճառով առաջացած խնդիրները, իշխանությունները խոստանում են հատկացնել 434 միլիոն լարի (136,5 միլիոն դոլար):
Սա 234 միլիոն լարիով ավելի է, քան տուրիզմի հակաճգնաժամային ծրագրի արժեքը և 134 միլիոն լարիով ավելի՝ գյուղատնտեսության համար հակաճգնաժամային ծրագրի արժեքից: