Օրերս Դմիտրի Կոստյուկևիչն իր ընտանիքի հետ այցելել էր Ախալքալաք։ Նա փնտրում է իր հարազատներին, հորեղբորը՝ Միշա Գասպարյանին, մորաքրոջը՝ Ասյա Գասպարյանին, և հուսով է, որ իր պապը՝ Հովհաննես Գասպարյանը ողջ է, և նա կկարողանա գտնել վերջինիս։
Դմիտրին կնոջ և երեք երեխաների հետ Վրաստան է ժամանել հունվարի 6-ին, վաղը նրանք հետ են մեկնում Լիտվա։ Նրանք ճիշտ է ընտանիքով եկել էին հանգստանալու, բայց հիմնական նպատակը հարազատներին գտնելն էր։
«1958 թվականի սեպտեմբերին պապս՝ Հովհաննես Արսենովիչ Գասպարյանը Գուդաութիում հանդիպել է տատիկիս՝ Մարիա Ստեպանովնա Պետրովային: Նա շինարար էր, ոսկե ձեռքեր ուներ, նա այնտեղ երկհարկանի տուն է կառուցել։ Ծնվել է մայրս՝ Օլգան։ Պապիկիս ու տատիկիս ճանապարհները բաժանվեցին 1970-ականների կեսերին»,- պատմում է Դմիտրին:
Հովհաննես Գասպարյանը և Մարիա Գասպարյանը (Պետրովսկայա)
Իր առաջին ամուսնությունից Հովհաննես Գասպարյանն Ախալքալաքում երեխաներ է ունեցել՝ որդի և դուստր, ինչպես պատմում է Դմիտրին՝ ծնված մոտ 1948-1950 թթ.: Բելառուս աղջկա հետ երկրորդ ամուսնության ժամանակ Հովհաննեսը կապ է պահպանել առաջին ամուսնությունից իր երեխաների հետ։ Դմիտրիի մայրը տեսել է եղբորն ու քրոջը, նա իր հոր հետ ևս եղել է Ախալքալաքում, եկել են տատիկի հուղարկավորության արարողությանը։
Հովհաննեսը երկրորդ կնոջ և առաջին ամուսնությունից դստեր Ասյա Գասպարյանի հետ Գուդաութիում
Այն բանից հետո, երբ Հովհաննես Գասպարյանը բաժանվել է կնոջից՝ Մարիայից, նա մի քանի տարի շարունակ կապ է պահպանել դստեր հետ, սակայն 1970-ականների վերջին կապն ընդհատվել է, և դրանից հետո Դմիտրիի մայրը չի լսել իր հոր մասին։ Բայց շատ է ցանկացել գտնել նրան: Նա սոցցանցերում փորձել է հարազատներին գտնել, սակայն ապարդյուն։
Ասյա Գասպարյանն իր զարմուհու հետ
Նախորդ լուսանկարի հետևի մակագրությունը. «Օլյա, պահի՛ր և միշտ հիշի՛ր քո քույրերին»
Այսօր Դմիտրին որոշել է վերադառնալ այնտեղ, որտեղից սերում է իր պապը, որպեսզի վերջինիս մասին տեղեկություններ իմանա և գտնի հարազատներին։
«Ախալքալաքում մենք հանդիպեցինք շատ բարի մարդկանց, նրանք արդեն մեր ընկերներն են, մեզ օգնեցին, շրջեցինք գյուղերով, մի տեսակ շատ մոտ էինք բացահայտմանը, որովհետև գտանք իմ հորեղբոր և մորաքրոջս նույնական անուններով մարդկանց, բայց նրանք չէին: Ես իսկապես հուսով եմ, որ դեռ կգտնեմ նրանց, ես իսկապես հույս ունեմ, որ իմ պապիկը՝ Հովհաննես Գասպարյանը, ծնված շուրջ 1923-1925 թվականներին, դեռ ողջ է»,- պատմում է նա։
Դմիտրի Կոստյուկևիչն իր ընտանիքի հետ
Դմիտրին մասնագիտությամբ իրավաբան է, նա 14 տարի աշխատել է բելառուսական բանկում, սակայն քաղաքական դրդապատճառներով ստիպված է եղել լքել երկիրը 2021 թվականին։ Այսօր նա ընտանիքի հետ ապրում է Լիտվայում, փախստական է, աշխատում է, բայց ոչ մասնագիտությամբ՝ լիտվերենի չիմացության պատճառով։ Նա և իր ընտանիքը ցանկանում են վերադառնալ Բելառուս՝ իրենց մոտ, բայց դեռ չգիտեն, թե երբ։ Այնտեղ է նաեւ Դմիտրիի մայրը՝ Հովհաննես Գասպարյանի դուստրը՝ Օլգան։