Վրաստանի Պաշտպանության նախարարությունը նախկին թիվ 1 զինվորական ավանում արդեն սկսել է ցանկապատումը, որը նախատեսում է ավանի զինվորական մասը ցանկապատել բնակելի մասից: Սակայն ավանի կենտրոնական ճանապարհը, որի միջով անցնում է ցանկապատը, կփակվի միայն այլընտրանքայինը կառուցելուց հետո: Ըստ Ախալքալաքի փոխքաղաքապետի, բնակիչները տվել են իրենց համաձայնությունը այս հարցում:

Ըստ Արմեն Մառանգոզյանի, այժմ իրականացվող աշխատանքները չեն խանգարում բնակիչներին ազատ տեղաշարժվել և խաղահրապարակը մնում է բնակելի մասում:

1

Ըստ նրա, Պաշտպանության նախարարությունը և բնակիչները համաձայնության են եկել այս հարցի կապակցությամբ, և բնակիչները բողոքներ չունեն:

«Բոլոր աշխատանքներն իր վրա է վերցրել Պաշտպանության նախարարությունը: Նոր այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո կփակվի այն ճանապարհը, որն այժմ օգտագործում են բնակիչները: Ես չեմ կարող հստակ ասել, թե երբ կկառուցվի նոր ճանապարհը, այն, հավանաբար, կավարտվի մինչև սեպտեմբեր», – ասում է Արմեն Մառանգոզյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին, նախկին թիվ 1 զինվորական ավանի ավելի քան 70 բնակիչներ բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով, որ զինվորականները չփակեն իրենց կենտրոնական ճանապարհը: Վրաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է զորամասը քաղաքի բնակելի մասից ցանկապատել փշալարերով՝ դրանով իսկ փակելով կենտրոնական ճանապարհը:

Բրատիսլավ Իգիթխանյան