Հողի օրինականացման ցանկությունը բախվեց բյուրոկրատական պրոցեսների հետ: Էլիզբարյանների ընտանիքը չի կարող սեփականաշնորհել այն հողը, որն օգտագործում է ավելի քան 40 տարի:

Քչերը գիտեն, որ Ախալքալաքի բերդի հետևում ընկած տարածքը, Ախալքալաքից Դիլիսկա գյուղ տանող ճանապարհը, դեռևս համարվում է քաղաք և հասցե ունի: Դա Սուրբ Նինոյի անվան փողոցն է:

Սուրբ Նինոյի 50 հասցեում է ապրում Էլիզբարյանների ընտանիքը: Նրանք փորձում են սեփականաշնորհել իրենց տան դիմաց գտնվող հողատարածքը: Սակայն, ամեն ինչ բարդանում է նրանով, որ հողատարածքն ու տունը գտնվում են կիրճի մեջ, որտեղ հոսում է Կրխբուլախ գետը: Գետի մոտ, ի դժբախտություն Էլիզաբարյանների գտնվում են քաղաքի կոյուղագծերը:

Քաղաքի պատմական մասը` Ախալքալաքի բերդը, նույնպես մոտակայքում է: Այս ամենը միասին խոչընդոտում են Էլիզբարյանների 570 քառակուսի մետր հողատարածքի սեփականաշնորհմանը:

«Մեզ եկան ասացին, որ ձեր հողը դնում ենք աճուրդի: Իմ պապն է գնել այդ հողը, քարե ցանկապատ է կառուցել: Քարքարոտ տարածքը հող է դարձրել, իսկ հիմա հանում են աճուրդի: Մենք սեփականաշնորհել ենք տունը, բայց հողի համար գումար չունեինք, դրա համար հետաձգեցինք: Տան տարածքը կազմում է 5,70 ար: Բայց մյուս հողից մենք օգտվում ենք 1971 թվականից: Այդ իսկ պատճառով ուզում էինք օրինականացնել»,- ասում է Արթուր Էլիզբարյանը, Սուրբ Նինոյի 50 հասցեում բնակվող բնակիչը:

Էլիզբարյանները դիմել են Ախալքալաքի քաղաքապետարան, հողատարածքի օրինականացման մասին իմանալու նպատակով: Սակայն քաղաքապետարանում նրանց հաղորդել են, որ այդ հարցով կզբաղվեն Թբիլիսիում և հարցում են ուղղել այնտեղ:

«Նա մեր հասցեին դիմում գրեց, մենք վերանայեցինք դիմումը: Տեղում կատարեցինք ստուգում: Դրանից հետո մենք դիմեցինք շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությանը: Քանի որ հողատարածքը գտնվում է ջրի մոտ, կիրճում: Գրեցին, որ այդ մարդիկ ուզում են տրված կոորդինատներով և այսքան չափի հողատարածքն օրինականացնել, ինչ է նախարարությունը մտածում այդ մասին: Սա պետական ​​սեփականություն է: Հարցում ենք արել և սպասում ենք պատասխանի, որպեսզի կրկին Հանձնաժողովում քննարկենք և որոշենք, թե արդյոք մենք կարող ենք տալ սեփականաշնորհման, թե՝ ոչ», – մեզ պատասխանեց Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մարանգոռզյանը 2-3 շաբաթ առաջ:

1

Հայցը ուղղվել է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությանը 2018 թվականի հունիսի 25-ին: Պատասխանը եկավ 2018 թվականի հուլիսի 18-ին: Հարցման պատասխանը Արթուր Էլիզբարյանը կարողացավ ստանալ միայն մեկ ամիս հետո, օգոստոսի 15-ին: Այնտեղ գրված է, որ այդ հողը ներառված չէ պահպանվող տարածքների ցանկում և չի պատկանում պետական անտառային ֆոնդին:

«Հետո եղավ հանձնաժողովի նիստը, որտեղ ևս մեկ անգամ չկարողացան որոշել, արդյոք պետք է տալ հողը օրինականացման, թե՝ ոչ: Ոմանք ծաղրեցին, իսկ մյուսները կտրականապես դեմ էին, ասելով, որ պետք է հանել աճուրդի: Հետո ասացին, որ հողը երկարացրել են, ոչ թե հորիզոնական, այլ՝ ուղղահայաց: Այսինքն, վերցնենք մինչև գետն ընկած տարածքը, որը ներառում է նաև կոյուղագծերը: Հետո ինձ ասաց, որ երկու հարցում կուղղեն` հարկայինին, իմանալու, թե որքան եմ վճարել հողի և ջրագծի համար հարկերը և պարզելու, թե արդյոք հնարավոր է սեփականաշնորհել հողը, մինչև գետը, որը ներառում է նաև կոյուղին: Չնայած պարզ է, որ չի կարելի: Մենք այնպիսի տպավորություն ստացանք, որ արհեստականորեն ձգձգում են ժամանակը, չգիտեմ: Երևի իրենց պլաններն ունեն այս հողի հետ կապված», – ասում է Արթուր Էլիզբարյանը:

Քաղաքապետարանում հաստատեցին տեղեկությունն այն մասին, որ նրանք հարցումներ են ուղղել Վրաստանի Միասնական Ջրամատակարարման Ախալքալաքի Սերվիս կենտրոն, ինչպես նաև հարկային ծառայությանը: Քաղաքապետարանը սպասում է պատասխանի: Իսկ Էլիզբարյան ընտանիքը, համբերությամբ սպասում է, որ բյուրոկրատական գործընթացներին դիմակայի մինչև վերջ:

Պետք է նշել, որ ըստ օրենքի հողատարածքի օրինականացումը հնարավոր է, եթե հողերի զավթումը կատարվել է մինչև 2007 թվականը և համապատասխանում է 2 հիմքի, առաջինը` եթե զավթած հողում կառուցված է կառույց, իսկ երկրորդը` զավթած հողատարածքը հարակից է հողամասին կամ տանը: Էլիզբարյանների ընտանիքը երկու հիմքերն էլ ունի:

Քրիստինե Մարաբյան