Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն անցկացրեց ընթացիկ տարվա վերջին նիստը։ Օրակարգում երեք հարց կար։
Առաջինը՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում կենցաղային թափոնների կառավարման 2023-2027 թվականների 5-ամյա գործողությունների ծրագրի քննարկումն էր:
Այս ծրագրերի մասին պատգամավորներին պատմեց Ախալքալաքի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքային ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։ Փամբուխչյանի խոսքով, ավարտվել են հինգ տարվա համար նախատեսված աշխատանքները, որոնք նախատեսված էին 1017 թվականին: Այժմ կազմվել է առաջիկա հինգ տարիների պլանը։ Փամբուխչյանը տեղեկացրեց, որ Սպասարկման կենտրոնն իր աշխատանքը սկսել է 2017 թվականին և այս տարիների ընթացքում ձեռք է բերվել 3 աղբատար մեքենա և 9 մեծ աղբաման։
Ախալքալաքի քաղաքապետարանում սպասարկման կենտրոնից աղբը չի հեռացվում միայն 21 գյուղերից, մնացածը սպասարկվում են Կենտրոնի կողմից։
Մունիցիպալիտետն ամբողջությամբ սպասարկելու համար, ըստ Փամբուխչյանի, Սպասարկման կենտրոնը հինգ տարվա ընթացքում պետք է ձեռք բերի ևս 5 աղբատար մեքենա և աղբաման։
«Մենք ուզում ենք անցնել աղբի տեսակավորման համակարգին, քանի որ ամբողջ աշխարհում արդեն անցել են այս համակարգին, որպեսզի շրջակա միջավայրը չտուժի, ուզում ենք գնել աղբարկղեր, որպեսզի մունիցիպալիտետում աղբահանությունն լիարժեք կատարվի։ Անհրաժեշտ է նաև, որ բնակչությունը հասկանա և օգնի, այս ուղղությամբ երեխաների կրթությունը պետք է սկսվի դպրոցներից»,- ասաց Մնացական Փամբուխչյանը։
Երկրորդ հարցը վերաբերում էր Կումուրդո գյուղի ամբուլատորիան երկու տարի ժամկետով «Վրաստանի բժշկական հոլդինգին» փոխանցելուն։
Երրորդ հարցը վերաբերում էր 2022 թվականի դեկտեմբերի 20-ի հրամանագրի չեղարկմանը, ըստ որի՝ սակրեբուլոյի պատգամավորների ծախսերի չափն ավելացել է 10%-ով։ Աշխատավարձի 10 տոկոս ավելացումը չի վերաբերում պատգամավորներին, քանի որ պատգամավորները ոչ թե աշխատավարձ ունեն, այլ ծախսային միջոցներ։
Երեք հարցերն էլ պատգամավորների կողմից ընդունվեցին: