Երեկ՝ նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում, 2024 թվականի քաղաքացիական բյուջետավորման շրջանակներում, տեղի ունեցավ քաղաքացիների կողմից ներկայացված նախագծային գաղափարների գաղտնի քվեարկություն: Ընտրություններին մասնակցեց 49 քաղաքացի:
Քաղաքացիներից ստացված 3 գաղափարներից 2-ը դրվեցին քաղաքացիների քվեարկությանը: Երեկ, նրանք կողմ քվեարկեցին հետևյալ գաղափարներին՝ «Ախալքալաքի փողոցների անվանումներով ցուցանակներ և ցուցատախտակներ» և «Դեպի հանգստի/զբոսաշրջության գոտի»։ Երրորդ նախագիծը քվեարկության չդրվեց, քանի որ գաղափարը վերաբերում էր տարածքի բարեկարգման, որը ոչ թե մունիցիպալ սեփականություն է, այլ մասնավոր։ Քվեարկության դրված նախագծերը համապատասխանում են պահանջվող չափանիշներին ֆինանսական, իրավական և տեխնիկական տեսակետից։
Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը խոսեց քաղաքացիական բյուջետավորման ծրագրի և նրա նպատակների մասին, որից հետո գաղափարների հեղինակների լիազոր ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց նախագծերը։ Այնուհետ տեղի ունեցավ քաղաքացիների քվեարկությունը:
Ախալքալաքի բնակիչներն այս տարի, ինչպես և նախորդ տարի, առանձնապես ակտիվ չէին, քվեարկեցին հիմնականում քաղաքապետարանի աշխատակիցներն ու գաղափարների հեղինակների ծանոթները։ Նախորդ տարի քաղաքացիական բյուջետավորման ընտրություններին մասնակցել էր 59 քաղաքացի, այս տարի՝ 49։ Քվեարկությունը սկսվեց ժամը 12։00-ին և տևեց մինչև 15։00։
«Դեպի հանգստի/զբոսաշրջության գոտի» նախագծի օգտին քվեարկեց 33 քաղաքացի, «Ախալքալաքի փողոցների անվանումներով ցուցանակներ և ցուցատախտակներ» նախագծի օգտին՝ 16 մարդ։ Հաղթեց «Դեպի հանգստի/զբոսաշրջության գոտի» նախագիծը։ Արժե նշել, որ նախագիծը ներկայացրել էր Արմեն Իրիցյանն իր նախաձեռնող խմբի հետ, ով նախորդ տարի նույնպես հաղթել էր քաղաքացիական բյուջետավորման գաղափարների մրցույթում։
Այս նախագիծը կներառվի Ախալքալաքի մունիցիպալիտետի 2025թ.-ի բյուջեում: Գաղափարի իրականացման համար կհատկացվի 50 հազար լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքացիական բյուջետավորումը ներդրվել է 2023 թվականին «HEKS-EPER Georgia» կազմակերպության ծրագրի շրջանակներում, Սամցխե-Ջավախքի գործընկերոջ՝ Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության, կենտրոն կազմակերպության (SCCSF) աջակցությամբ:
Նշենք, որ նախաձեռնության նպատակը ոչ այնքան ծրագրերի իրականացումն է, որքան տեղական իշխանությունների և բնակիչների միջև կապի հաստատումն ու քաղաքացիական մասնակցությունը։ Սակայն, երկու տարվա ընթացքում, ծրագրի իրականացման ոչ մի փուլում ինտենսիվ հաղորդակցություն դեռևս չի եղել: