Ի՞նչ հանգամանքներից ելնելով են Ջավախքի ուսանողներն ընտրում մասնագիտություն և բուհ: Ուսանողական կյանքի լավ ու բարդ կողմերի մասին խոսում են հենց իրենք՝ ուսանողները:

Ընդամենը մի քանի տարի առաջ Ջավախքի երիտասարդները բարձրագույն կրթություն ստանալու համար մեկնում էին Հայաստան: Սակայն այսօր պատկերն այլ է, երիտասարդները ընտրության հնարավորություն ունեն: Վրաստանում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված 4+1 կրթական ծրագիրը էականորեն ազդեց երիտասարդների ընտրության վրա: Հայկական բուհերի դիմորդները նվազել են: Բազմաթիվ շրջանավարտներ արդեն նախընտրում են վրացական բուհերը:
Melsida Marabyan
Մելսիդա Մարաբյանը Թբիլիսիում է բարձրագույն կրթություն ստանում և մտադրված է վերադառնալ Ախալքալաք:
«Առաջին տարին վրացերեն ենք սովորում, հետո ընտրելու եմ տնտեսագետի մասնագիտությունը: Ես գիտակցելով եմ գնացել այս քայլին: Ճիշտ է Երևանում ինձ հեշտ կլիներ, բայց ես մտածեցի, որ եթե իրոք սովորում եմ և ուզում եմ վերադառնամ Ախալքալաք, ուրեմն պիտի նախ իմանամ պետական լեզուն: Ես իմ ապագան տեսնում եմ Վրաստանում: Չեմ ուզում միայն սովորելու համար սովորել»,- ասաց Մելսիդան:

Վերջինս արդեն երկու ամիս է սովորում է Թբիլիսիում: Մելսիդայի համար առանձնապես դժվար չէր նոր միջավայրին հարմարվելը:

«Ինչքան էլ չլինի այլ միջավայր է: Իմ կարծիքով ուսանողության տարիներին ես սովորում ինքնուրույն ապրել: Վրացական միջավայրը օգնում է, որ դու հնարավորինս արագ սովորես վրաց լեզուն: Լինում է չես հասկանում ինչ են խոսում շրջապատում ու նեղվում ես, քեզ հետաքրքրում է այդ բառն ինչ է նշանակում, սովորում ես: Այսպես, ինքըստինքյան ինտեգրվում ես նոր միջավայրին»,- ասաց Մելսիդա Մարաբյանը:
Sedrak Muradyan
Սեդրակ Մուրադյանն առանց տատանվելու ընտրել է Երևանի պետական համալսարանը: Եվ իր ընտրությունը բացատրում է լայն հնարավորություններով, որը միայն Հայաստանում կարող է ձեռք բերել և օգտակար լինել հայրենիքին: Ընտրել է միջազգայնագետի մասնագիտությունը, որպեսզի հետագայում կարողանա իր ներդրումն ունենա հայ-վրացական հարաբերությունների զարգացման մեջ:

«Ինձ մի քանի խնդիր է մտահոգում, առավել ևս հայոց լեզվի ու մշակույթի պահպանումը: Եվ որպեսզի այդ խնդիրներին լուծում տրվի, ես ընտրեցի միջազգային հարաբերությունների բաժինը: Կրթված մարդը ազգի ամուր լինելու ու անվտանգության երաշխիքն է: Իմ կարծիքով հնարավոր է բոլոր դժվարությունները կասեցնել սփյուռքահայության միջնորդությամբ: Վրացերենին տիրապետում եմ, նորմալ հաղորդակցվում եմ, ինչը շատ կարևոր է երկկողմ հարաբերությունների հաստատման համար: Ճիշտ է խորացված չեմ տիրապետում, բայց կաշխատեմ այդ ուղղությամբ»,- նշեց Սեդրակ Մուրադյանը:

Սեդրակն այս օրերին միջանկյալ քննություններ է հանձնում: Ուսանողական կյանքի բարդությունները դեռևս բավականին հեշտությամբ է հաղթահարում, և ըստ նրա, կարևորը մարդու ցանկությունն է, որ ամեն դժվարություն կարողանա ինքնուրույն հաղթահարի:

«Չեմ փոշմանել իմ ընտրության հարցում: Ամեն ինչ հենց մարդուց է կախված, կապ չունի որտեղ է սովորում, կարևորը իր մեջ ուժ ունենա ու ձգտի ամենաբարձրին»,- ասաց Սեդրակը:
Susanna Yordanyan
Սուսաննայի ընտրությունն առանձնանում է իր հասակակիցների օրինակներից: Հենց սկզբից որոշել է՝ հաստատ Ախալքալաքում չի շարունակելու կրթությունը: Հեռանկար չկա: Սեփական գիտելիքների հնարավորությունները փորձելու համար դիմել է՝ և Հայաստան, և Վրաստան: Ի վերջո Հայաստանում սովորելու տարբերակն է նպատակահարմար գտել:

«Ես ամենասկզբից պետք է ընդունվեի Երևան: Հետո որոշեցի Վրաստանում էլ փորձել: Ընտրությունս մեծ էր, մտածեցի որտեղ անվճար ընդունվեմ, այնտեղ էլ կշարունակեմ: Վրաստան ընդունվա 0 կուրս, բայց վճարովի: Երևան ժուռնալիստիկան ընդունվեցի նորից վճարովի, զուգահեռ բանասիրական էի ընտրել, որտեղ անվճար ընդունվեցի: Այստեղ ուսուցումը ռուսերենով է, ինձ ավելի հեշտ է, համ էլ միանգամից առաջին կուրս եմ նստել, մի տարի չեմ կորցնում»,- պատմեց Սուսաննա Յորդանյանը:

Սուսաննան սովորում է Հայաստանի Սլավոնական համալսարանում:

«Սկզբից մտածում էի դուրս չի գա, կարող է փոշմանեմ, բայց այդպես չէ: Հենց առաջին օրվանից ինձ շատ դուր եկավ»,- ասաց Սուսաննան:

Rima Marangzyan
Տարեցտարի ավելանում է Թբիլիսիում բարձրագույն կրթություն ստացող Ջավախքի երիտասարդների քանակը: Նրանք, ովքեր մտածում են, որ վրաց լեզվի և մասնագիտության շնորհիվ կարող է ավելի մեծ բարձունքների հասնել՝ ընտրում են Թբիլիսի:

«Ախալքալաքի մասին նույնիսկ չեմ մտածել, չեմ ուզում այստեղ մնալ: Երևան էի ուզում, բայց եղբայրս չհամաձայնվեց, քանի որ ինքը ևս Թբիլիսիում է սովորում: Ընդունվեցի Թբիլիսի 4+1 ծրագրով, հիմա դեռ 0 կուրսում եմ, ընտրելու եմ լինգվիստիկա: Ուզում եմ, որ իմ մասնագիտությամբ հետագայում աշխատեմ»,- նշեց Ռիմա Մարանգոզյանը:

Ուսանողական առաջին ամիսներից վերջինիս տպավորությունները դրական են:
«Շատ լավ է, դասերս դեռ հեշտ են, քանի որ ես վրացերեն ահագին գիտեի: Ճիշտ է, սկզբից Երևան էի ուզում, բայց հիմա հասկանում եմ, որ ճիշտ որոշեցի, որ Թբիլիսին ընտրեցի: Միայն այն, որ վրացերեն ենք սովորում, արդեն մեծ հնարավորություն է»,- ավելացրեց Ռիման:

Աղունիկ Այվազյան