Օրջա գյուղի հանրային դպրոցը վերանորոգման կարիք ունի։ Տարիներ շարունակ դպրոցի և մշակույթի տան միջև սպասված տարածքային բաժանման խնդիրն այլևս լուծված է, սակայն կա ևս մեկ խնդիր։ Դպրոցի շենքի գծագրման ժամանակ շենքի տանիքն ամբողջությամբ է ներառվել, այն ինչ պետք էր գծագրել միայն դպրոցի մասը:
Օրջա գյուղի առաջին դպրոցը կառուցվել է 1950 թվականին և գործել է մինչև 1999 թվականը: Այնուհետև վթարային վիճակի պատճառով դադարեցվել է շենքի շահագործումը: Ստիպված գյուղի մշակույթի տան համար նախատեսված շենքը սկսել են օգտագործել որպես դպրոց՝ համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այդ օրվանից մինչև հիմա, այսինքն 20 տարվա ընթացքում դպրոցում վերանորոգում չի իրականացվել: Վերանորոգման է ենթակա շենքի կտուրը, հատակը, ինչպես նաև դպրոցում չկա ջեռուցման համակարգ:
Սկզբում պատճառն այն էր, որ շենքը չէր պատկանում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Հիմա արդեն շենքը բաժանված է երկու մասի, մի մասը դպրոց է, իսկ մյուս մասը՝ մշակույթի տուն։ Դպրոցի շենքը հիմա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բալանսին է, սակայն վերանորոգչական աշխատանքներ դեռ չեն կատարվել, քանի որ դպրոցի տարածքի գծագրման ժամանակ ամբողջ շենքի տանիքն է ներառվել՝ և դպրոցի, և մշակույթի տան։ Դպրոցի տնօրենի խոսքերով, նորից պետք է առանձին գծագրել, որը կներառի միայն դպրոցի մասի տանիքը, որպեսզի կարողանան վերանորոգել այն։
«Դպրոցն արդեն նախարարության բալանսի վրա է, գծագրման մեջ կան սխալներ, կտուրը դեռ մշակույթի տան վրա է, այդ սխալը պետք է ուղղել, եթե այդ սխալն ուղղվի, ապա վերանորոգում կկատարվի։ 1999 թվականից այս շենքը նորոգում չի տեսել, ուզում եմ մի քանի դասասենյակի հատակը փոխել, ջեռուցման համակարգ տեղադրել, էլեկտրականություն անցկացնել, կտուրը փոխել և այլ խնդիրներ լուծել»,- ասաց Օրջա գյուղի դպրոցի տնօրեն Նվեր Մինասյանը։
Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանն ասաց, որ այս տարի շենքը կվերանորոգվի։
«Այո, անպայման այս տարի մասշտաբային, կոսմետիկ վերանորոգում կկատարենք, դպրոցը ֆինանսներ ունի», – ասաց Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարը։
Հարկ է նշել, որ տարիներ շարունակ շատ վատ վիճակում է գտնվում դպրոցի զուգարանը: Այս հարցն անհանգստացնում է նաև աշակերտների ծնողներին, քանզի զուգարանի տանիքը փլված է, ու շարունակում է մնալ վթարային վիճակում, դռները նորմալ չեն փակվում։
«Վախենում եմ երեխաներս գնան և ներսը եղած ժամանակ, չգիտեմ կտուրը հանկարծ փլվի, դրա համար նրանց ասում եմ, որ փորձեն չգնալ, կամ շատ զգույշ լինեն»,- ասաց ծնողներից մեկը։
Ախալքալաքի մունիցիպալիտետը բարձրալեռ շրջանների հիմնադրամի կողմից հատկացված 1 370 000 լարիով սկսել է իրականացնել վերանորոգման աշխատանքներ մունիցիպալիտետի 21 գյուղական և 3 քաղաքային դպրոցներում: Սակայն այդ դպրոցների ցանկում ներառված չէ Օրջայի հանրային դպրոցը։
2019 թվականին վերանորոգական և կառուցողական աշխատանքներ են իրականացվել Ախալքալաքի մունիցիպալիտետի 17 դպրոցում, այս տարի արդեն ներկայացված է 10 դպրոցի ցանկ, իսկ հետագայում գումար լինելու դեպքում ևս 10 դպրոց են նախատեսում նորոգել, սակայն այդ ցանկում նույնպես Օրջայի դպրոցը ներկայացված չէ։
Հարկ է նշել, որ այս վերանորոգական աշխատանքները հիմնականում կատարվում են զուգարանի, հակասեպտիկի կառուցման համար, կան նաև դպրոցներ, որտեղ տանիքն ունի վերանորոգման կարիք։ Վերոնշյալից կարելի է ենթադրել, որ Օրջա գյուղի դպրոցում առկա են ներկայացված խնդիրները, և՛ կտուրի, և՛ զուգարանի։
Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնի աշխատակից Գարիկ Գալիվոնջյանն ասաց, եթե խնդիրն առկա է, ապա անպայման կհետևեն այդ հարցին։
«Բոլոր դպրոցներն էլ մերն են, ուզում ենք բոլորն էլ վերանորոգել, եթե Օրջայում նույնպես առկա է խնդիրը, ապա անպայման կնայենք նաև այդ դպրոցը»,- ասաց Գարիկ Գալիվոնջյանը։
Օրջայի դպրոցը 20 տարի է հյուրի կարգավիճակում է
Ախալքալաքի մունիցիպալիտետը կվերանորոգի դպրոցների սանհանգույցները
2020 թվականին Ախալքալաքում նախատեսվում է վերանորոգել 17 դպրոց
Գայանե Ակոջյան