Ախալքալաքի մունիցիպալիտետի Քարսեփ գյուղից անհատ ձեռնարկատեր Արմեն Փամբուխչյանը մասնակցել է ENPARD2 ծրագրով իրականացվող Ախալքալաքի Տեղական զարգացման խմբի (LAG) մրցույթին և գնել հացահատիկայինի հավաքման կոմբայն։ Կոմբայնը շատ է օգնում, քանի որ հացահատիկի բերքահավաքի սեզոնին շրջանում բավարար տեխնիկա չկա, սակայն նոր տեխնիկայի սեփականատերը Ախալքալաքում այդ տեխնիկայի սպասարկման բացակայության խնդրի առաջ է կանգնել։

Հացահատիկի բերքահավաքի սեզոնին, որը շրջանում իր գագաթնակետին է հասնում օգոստոսին, տեխնիկայի պակաս է նկատվում։ Մարդիկ հաճախ հերթ են կանգնում տեխնիկայի համար, և այն, տեղական ֆերմերներին օգնելու համար, բերում են այլ մունիցիպալիտետներից: Արմեն Փամբուխչյանը, մասնակցելով մրցույթին, որոշել է օգնել և՛ իրեն, և՛ մյուս ֆերմերներին։ Նա աշխատում է Քարսեփ, Գոգաշեն, Ափնիա և Հոկամ գյուղերում։ 1 հեկտարն այս ամառ 250 լարիով է հավաքել։ Ըստ նրա, այս գինը շուկայականից ցածր է։

Կոմբայնը, որը ձեռք է բերել Արմեն Փամբուխչյանը, գերմանական արտադրության է՝ «Claas» մակնիշի, արժե 80 000 լարի։ LAG-ի դրամաշնորհը ծածկել է ծախսերի 50%-ը, մնացածը ներդրել է ձեռնարկատերը: Կոմբայնն արդեն աշխատել է 3 սեզոն, սակայն ձեռնարկատերը դեռ չի վերադարձրել ներդրված գումարը։ Նա գոհ է տեխնիկայից, սակայն Ախալքալաքում պահեստամասեր ու սպասարկման մասնագետներ չկան։

«Թբիլիսիից ենք պահեստամասերը պատվիրում, մինչև հասնում է, 2-3 օր է տեւում, իսկ բերքահավաքի սեզոնին դա լուրջ խնդիր է: Կոմբայնը երկու անգամ փչացել է»,- ասում է Արմեն Փամբուխչյանը։

Ախալքալաքում ոչ միայն պահեստամասերի ձեռքբերումն է խնդիր, այլև չկան մասնագետներ, որոնք կսպասարկեին նրանց։

«Մենք ինքներս համացանցում նայում ենք, զանգում ենք Թբիլիսի, ճշտում, թե ինչպես քանդել տեխնիկան, ինչպես հետո պահեստամասերը տեղադրել: Սա իմ առաջին կոմբայնն է: Ես կարծում էի, որ կգնեմ և լավ կլինի նաև ֆերմերների համար, բայց նմանատիպ խնդիրներ հաճախ են լինում»,- ասում է Արմեն Փամբուխչյանը։

Արմեն Փամբուխչյանը հույս ունի, որ կյուրացնի «Claas» տեխնիկայի շահագործման բոլոր գաղտնիքները: Ախալքալաքում գյուղատնտեսական տեխնիկայի խնդիրն արդիական է։ Հին տեխնիկան արդեն անարդյունավետ է, իսկ նոր տեխնիկայի որոշ միավորներ, որոնք հիմնականում ձեռք են բերվում տարբեր նախագծերի շրջանակներում, տեղում սպասարկող չկա ու ոչ մի պայման չկա։