Այսօր՝ օգոստոսի 9-ին, Վրաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիիրավ դեսպան Քելլի Դեգնանը և դեսպանության այլ ներկայացուցիչներ պաշտոնական այցով ժամանել են Ախալքալաք: Այցը մեկնարկեց Ախալքալաքում ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի Սամցխե-Ջավախքի գրասենյակ այցելությամբ, որից հետո JNEWS-ի գրասենյակում հանդիպումներ ծրագրվեցին «GIPA Media Lab»-ի մասնակիցների և տեղական լրատվամիջոցների հետ:
Ախալքալաքում ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը բարձրացվեցին տարածաշրջանում եվրոպական ինտեգրման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և կենտրոնի կողմից այս ուղղությամբ կատարված աշխատանքների հարցերը:
«Սա ճանաչողական բնույթի հանդիպում է, մենք կներկայացնենք մեր կենտրոնը, այն, ինչով զբաղվում է կենտրոնը, ինչպես են անցկացվում միջոցառումները շրջանում, նաև կքննարկենք մեր հետագա համագործակցությունը: Մենք իրականացնում ենք Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող նախագիծ, որը ենթադրում է Սամցխե-Ջավախքի բնակչության իրազեկվածությունը եվրաատլանտյան ինտեգրման մասին, բնակչության մասնակցության բարձրացումն այս գործընթացներում, և մենք ցանկանում ենք շարունակել այս նախագիծը», – մեկնաբանեց Վրաստանում ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի Սամցխե-Ջավախքի գրասենյակի ներկայացուցիչ Թեոնա Զուրաբիշվիլին:
«Ես ուշացրեցի Սամցխե-Ջավախք իմ այցը, իմ աշխատանքային առաջին տարում ես չկարողացա ճամփորդել համավարակի պատճառով, բայց հիմա ես հիացած եմ այս շրջան կատարած իմ ճանապարհորդությամբ, ես չգիտեի, որ սա այսքան գեղատեսիլ, հրաշագեղ շրջան է: Տպավորված եմ նաև Սամցխե-Ջավախքի համալսարանից, ծրագրերի բավականին բարձր մակարդակ է և բազմաթիվ հնարավորություններ կան շրջանի երիտասարդների համար: Ես հանդիպեցի ուսանողների, լրագրողների, բիզնեսում ներգրավված կանանց հետ: Այցելեցի կարտոֆիլի ֆերմա, որը բացվել է USAID-ի աջակցությամբ և նպատակ ունի բարելավել աճեցվող կարտոֆիլի որակը», – մեկնաբանեց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:
Քելլի Դեգնանը բարձր գնահատեց կենտրոնի աշխատանքը և ընդգծեց կենդանի հաղորդակցության կարևորությունը, ինչպես նաև կարևորեց շրջանում հասարակական կարծիքի առաջնորդների հետ փոխգործակցությունը` նրանց, ում բնակչությունը վստահում է: Նա նաև պատրաստակամություն հայտնեց հետագա համագործակցության համար:
«Այսօր շատ կարևոր օր էր, քանի որ Վրաստանում ԱՄՆ դեսպանն այցելեց Սամցխե-Ջավախքի մեր շրջանային կենտրոն: Մենք համագործակցում և իրականացնում ենք համատեղ լայնածավալ նախագիծ` ինտեգրման վերաբերյալ բնակչության ներգրավվածությունն ու իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Դեսպանը հետաքրքրվեց մեր աշխատանքով, թե ում հետ ենք համագործակցում, թե ում վրա ենք կենտրոնանում, ինչ խնդիրներ ենք ունենում շրջանում, և, որն է հիմնական ապատեղեկատվությունը: Համավարակի պատճառով մենք փոխել ենք մեր ակտիվությունն առցանց՝ օգտագործելով վեբինարներ, ZOOM հանդիպումներ, սոցցանցերում արշավներ: Մենք քննարկեցինք մեր նախագծի շարունակման և հետագա համագործակցության մասին հարցերը», – ասաց Վրաստանում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի փոխտնօրեն Իրինա Շամիլաձեն: