Ախալքալաքում կայացավ «Ֆռունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմում անդրադարձ է կատարվում ոչ թե հայտնի արտիստի կյանքի ողբերգական դրվագներին, այլ հնդկական կինոյում ունեցած դերի մասին։ Վրաստանում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի նախաձեռնությամբ «Ֆռունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմը ներկայացվեց Ախալքալաքի հանդիսատեսին:
Ախալքալաքում ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլին, քաղաքական ու մշակութային գործիչներ, հասարակ քաղաքացիներ և այլոք:
Ռեժիսորի խոսքով, Տաշկենտի միջազգային կինոֆառատոնի ժամանակ այս ֆիլմը աշխարհի ժողովրդների միջև հանդուրժողականության վառ օրինակ են անվանել: Այդ փառատոնին հետաքրքիր է եղել, որ հայ դերասանին ներկայացրել է վրացի պրոդյուսերը:
«Այնտեղ ամենուր Ֆռունզիկի նկարներն էին և Վրաստանի դրոշը: Ես շատ եմ սիրում Մկրտչյանին, մտածեցի, որ պետք է նկարահանեմ մի ֆիլմ նրա մասին, որը նման չի լինի եղածներին: Ես չեմ անդրադարձել նրա անձնական կյանքին, ողբերգական պահերին, ասացի ինչու մարդիկ չիմանան, որ նա նկարահանվել է հնդկական ֆիլմերում, որ նա բազմակողմանի տաղանդ էր», – ասում է Դավիթ Բեժիտաշվիլին:
Ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Գյումրիում, Հայաստանի սահմանամերձ շրջաններում, սակայն ռեժիսորը նպատակ ունի «հասցնել» ֆիլմը յուրաքանչյուր հային: