Համահայկական խաղերի ջահը իր պատմության մեջ առաջին անգամ եղավ Ախալքալաքում, օրհնվեց Սուրբ Խաչ եկեղեցում և շարունակեց իր ճանապարհը դեպի Հայաստան:

Հուլիսի 13-ին, երեկոյան ժամը 20:00–ին, մեծ պատվիրակության ուղեկցությամբ Ախալքալաք բերվեց Համահայկական 6-րդ խաղերի ջահը: Այն վառվել էր Արևմտյան Հայաստանում: Ջավախք մուտք գործած ջահը այն երեք ջահերից մեկն է, որ օգոստոսի 2-ին վառելու է համահայկական խաղերի ջահը Երևանի Հանրապետական մարզադաշտում:

Պատվիրակության կազմում էին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս՝ Աշոտ Մելքոնյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ՝ Իշխան Զաքարյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր՝ Հրանտ Բագրատյանը և այլոք:

Սուրբ Խաչ եկեղեցու բակում պատվիրակությանը դհոլ-զուռնայով և աղ ու հացով դիմավորեցին շրջանի ղեկավարությունը, հոգևորականները և ուղղակի քաղաքացիներ, որոնց համար նշանակալից էր ջահի Ջավախքում գտնվելը:

fakel4

Ախալքալաքում Համահայկական խաղերի ջահակիրն էր Ջավախքցի, Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստատեսության մարզական մեկնաբան՝ Կարեն Գիլոյանը:
«Մեծ պատիվ է իմ համար, որ մեր պատմական հայրենիքով՝ Արևմտյան Հայաստանով անցած ջահը վստահվել է ինձ և ես ջահակիր եմ: Սա իմ կյանքի երջանիկ պահերից մեկն է: Սա վկայությունն է, որ մենք պինդ հոգու, ուժի, հաստատակամության, հավատի տեր ենք»,-ասաց Կարեն Գիլոյանը:

Նա ասաց, նաև որ միշտ էլ Համահայկական խաղերում երկրպագել և երկրպագելու է Ջավախքի թիմին:

Այնուհետև Սուրբ Խաչ եկեղեցում ջահը օրհնեց եկեղեցու հոգևոր առաջնորդ քահանա Տեր Տաթև Մարուքյանը:

Ներկաներին ողջունեց Ախալքալաքի Շրջանային Ժողովի նախագահ՝ Համլետ Մովսիսյանը: Նա նշեց, որ մեծ պատիվ է, որ այսօր առաջին անգամ պատմության մեջ Համահայկական խաղերի ջահը գտնվում է Ախալքալաքում:

fakel2

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս՝ Աշոտ Մելքոնյանը:

Նա նույնպես ողջունեց հավաքվածներին և մանրամասն պատմեց Համահայկական խաղերի ջահի անցած ճանապարհի մասին: Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ջահը վառվել է Հայաստանի քաղաքամայր Անիում, հետո եղել է Ղարսում, Վասպուրականում, Ախթամար եկեղեցում, Տիգրանակերտում, Դիարբեքիրում, Էրզրումում և Մուշում:

«Մուշում ծաղիկներ խոնարհեցինք մեր մեծն ֆիդայնապետ՝ Գևորգ Չաուշի գերեզմանաքարի վրա: Եվ ավելի քան խորհրդանշանական էր, որ մենք անցնելով թուրք- վրացական սահմանը մտանք Ախալցիխե, մտանք Ջավախք: Եվ շատ ուրախալի է, որ երեք ջահերը, որոնք պտտվել են տարբեր տեղերով՝ մեկը վառվել է արդեն Գանձասարում, մյուսը պետք է Հայաստանի Հանրապետություն մտնի Մեղրիով և վերջապես Հայաստանի Հանրապետություն է մտնելու այս սուրբ կրակը, որը այժմ այս Սուրբ Խաչ եկեղեցում է: Մենք համոզված ենք, որ մի օր Համահայկական խաղերը տեղի կունենա Արևմտյան Հայաստանում: Եվ մենք կանցնենք ոչ թե անմարդաբնակ վայրերով, այլ Ջավախքի կենտրոն՝ Ախալքալաքի նման մեզ կդիմավորեն մեր հայրենակիցները»,- նշեց Աշոտ Մելքոնյանը:

fakel6

Համահայկական խաղերի նշանաբանն է «Միասնություն սպորտով» խորագիրը:

Համահայկական խաղերի ջահի վառման միջոցառումը սկսվել է սույն թվականի մայիսի 8-ից և կավարտվի օգոստոսի 2-ին՝ խաղերի բացման օրը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ՝ Իշխան Զաքարյանը նշեց, որ սա առաջին անգամն է, որ իրենք ջահի վառման այսպիսի մեծ միջոցառում են անցկացնում:

«Արդեն երկրորդ խաղերն են, որ մենք երեք ջահ ենք վառում` Հայրենիք, Արցախ, Սփյուռք տրամաբանությամբ: Երեք ջահերը ուղղակի խորհուրդ են: Դրանք տարբեր տեղերով ենք անց կացնում, այն վայրերով որոնք հայաշատ են, որտեղ ապրում են հայեր: Առաջին անգամն է այս ջահը մուտք է գործում Ջավախք և կարծում եմ այն խորհրդանշանական է, քանի որ Ջավախքը մեր ժողովրդի մի մասն է, և ամեն անգամ ջավախքցիները Համահայկական խաղերին մեծ թվով են մասնակցում»,- նշեց Իշխան Զաքարյանը:

Արցախի ջահը վառել են Շուշիում, Սփյուռքի ջահը վառել են Անթիլիասում(Լիբանան) և Հայաստանի ջահը, որը եղավ Ախալքալաքում վառել են Արևմտյան Հայաստանում:

grant

Ախալքալաքից ջահը ուղևորվեց Գյումրի, այնտեղից էլ Սարդարապատ, հետո Էջմիածնում կստանա Վեհափառ Հայրապետի օրհնությունը և օգոստոսսի 2-ին երեք ջահերը կվառեն Համահայկական խաղերի ջահը Երևանի Հանրապետական մարզադաշտում:

Համահայկական 6-րդ խաղերը կկայանա Երևանում 2015թ.-ի օգոստոսի 2-ից 13-ը:

Շուշան Շիրինյան