«Թումաս»-ի ճոճվող կամուրջը տեղացիների ու զբոսաշրջիկների կարծիքով ոչնչով չի զիջում Բրուքլինյան կամրջին, Ախալքալաքը Խուլգումո գյուղին կապող, լեգենդար պատմություն ունեցող այս կամուրջը դարձել է «Ախալքալաք, ով ես դու» շարքի հերոսը:
Քաղաքը գյուղին միացնող, «Թումաս»-ի անունը կրող կամուրջը շատ հետաքրքիր պատմություն ունի: 182 մետր երկարություն, 2 մետր լայնություն և 41 մ բարձրություն ունեցող այս կամուրջը կրում է հենց բարերարի անունը՝ «Թումաս»: Ճոճվող, երկաթյա կամուրջը գրեթե 3 կմ կրճատում է գյուղը քաղաքին միացնող ճանապարհը: Կամրջի կառուցման գաղափարը բարերարի մոտ դեռևս մանկությունից է եղել, որը իրականության վերածվեց միայն 2013-ին:
Թումաս Չիվչյանի հայրը կաղ է եղել և Ախալքալաք աշխատանքի գնալու համար, ձորն իջնել-բարձրանալու ժամանակ մեծ դժվարություն է կրել: Թումասը, յուրաքանչյուր օր ականատես լինելով հոր կրած դժվարություններին, իր մեջ որոշում է կայացնում՝ մեծանալով փող վաստակել և կամուրջ կառուցել, որ այլևս ոչ-ոք դժվարություն չկրի ճանապարհի պատճառով: Տասնամյակներ անց հաստատակամության ու նվիրումի շնորհիվ բարերարն իրականության է վերածում ոչ միայն սեփական, այլև բազում մարդկանց երազանքը:
Ջավախք այցելող զբոսաշրջիկները տպավորվում են կամրջի գեղեցկությամբ և այն շատ հաճախ համեմատում են Բրուքլինյան կամրջի հետ: Եթե առավոտյան ժամերին կամուրջը պարզապես ճանապարհ է, և մարդիկ այստեղով անցուդարձ են անում, ապա երեկոյան ժամերին այստեղ կարելի է հանդիպել զբոսաշրջիկների ու քաղաքաբնակների, ովքեր գալիս են կամրջի վրայով պարզապես քայլելու և հիանալու երեկոյան մանուշակագույն Աբուլի գեղեցկությամբ:
Փոքրիկ հարցում անցկացրինք հենց կամրջի վրայով անցուդարձ անող մարդկանցից: Գրեթե բոլորը իրենց խոսքում օրհնում ու գովաբանում էին կառուցողին՝ «Ինչ մեծ մարդ է, օրհնվի 7 պորտով», «Սա բոլորի համար է, հսկայական նշանակություն ունի», «Աստծո հացը ուտե, ամեն մարդու բան չէր սա», «Ոչ միայն մեր գյուղի համար է, այլև ամբողջ շրջանի», «Թումասի նման մարդիկ շատ քիչ են, մարդը հսկայական կամուրջ սարքեց, իշխանությունները ոչինիչ չարեցին, 2000 լարիի պատմություն է, թող լուսավորեն, համ ուշ ժամի անցորդը չվախենա, համ էլ գեղեցիկ կլինի»:
Հարցին՝ տեղյակ եք, որ զբոսաշրջիկները և քաղաքաբնակները հաճախ կամուրջը համեմատում են Բրուքլինյան կամրջի հետ և անվանում են «ջավախքյան Բրուքլին»: Մարդկանց արձագանքը տարբեր էր: 3 հոգի նեղվեցին նշելով՝ «Մեր կամուրջին անունը «Թումաս» է, մի փոխեք»: 6 հոգի ասացին, որ լսել են նման մեկնաբանություն, սակայն Բրուքլինյանը չեն տեսել, ավելացնելով՝ «Թումասն ավելի գեղեցիկ է»: 5 հոգի էլ սկսեցին կամուրջի կառուցման պատմությունը ներկայացնել…
Աղունիկ Այվազյան
Անի Մինասյան