Կոնֆերանսով, որը տեղի ունեցավ №2 ռուսական դպրոցի դահլիճում, ավարտվեց «Սամցխե-Ջավախքի կանայք հանուն խաղաղ Վրաստանի» և էստոնական «Kodanikukoolitus» կազմակերպությունների համատեղ նախագիծը:

«Քաղաքացիական կազմակերպությունների գործունեության զարգացումը և գենդերային հավասարության ամրապնդումը Սամցխե-Ջավախքում» նախագիծը տևեց 15 ամիս, որոնց ընթացքում անցկացվեցին մի շարք վարժանքներ, տեղի ունեցավ Ախալքալաքի կազմակերպությունների ներկայացուցիչների այց Էստոնիա և պատասխան այցեր Ախալքալաք:

Նույն նախագծի շրջանակներում մարտի 7-ին, ռուսական դպրոցում կայացավ կոնֆերանս: Դահլիճում ներկա էր մոտ 50 մարդ: Հավաքվածներին ողջունեցին նախագծի երկու կողմերի ղեկավարներ՝ Նազելի Դեմուրչյանը՝ «Սամցխե-Ջավախքի կանայք հանուն խաղաղ Վրաստանի» կազմակերպության տնօրենը, և Անու Վիլտրոպը՝ էստոնական «Kodanikukoolitus» կազմակերպության ներկայացուցիչը:

«Կայսերական ժառանգություն և քաղաքացիական ազգի ձևավորում» զեկույցով հանդես եկավ էստոնացի հյուր՝ Կլարա Հալլիկը:

Կանանց իրավունքների ոլորտում տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին ելույթ ունեցավ Վրաստանի ժողովրդական պաշտպանի Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչ՝ Արմեն Մարանգոզյանը:

Չնայած նրան, որ «Kodanikukoolitus» և «Սամցխե-Ջավախքի կանայք հանուն խաղաղ Վրաստանի» կազմակերպությունների համատեղ առաջին նախագիծը ավարտվեց, սակայն նրանց համագործակցությունը շարունակվում է:

Շուշան Շիրինյան