Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 23:00-ի սահմաններում Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանում, թիվ 500 բնակելի շենքի բնակարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Ոչ ոք չի վնասվել: Պայթյունի ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։ Բնական գազից պայթյունը բացառվում է։
Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում աշխատել են ուշ երեկոյից մինչև առավոտ։ Տարվում է հետաքննություն։ Թե որ հոդվածի համաձայն՝ Jnews-ը սպասում ՆԳՆ-ի պատասխանին։
Պայթյունի ալիքից կոտրվել են բնակարանի պատուհանների ապակիները: Հարեւանների վկայությամբ, այնտեղ բնակվող կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, նա թեթեւ վնասվածքներ է ստացել։
Հարևանների խոսքով, սկզբում իրենք մտածել են, թե դրանք զինվորների ինչ-որ զորավարժություններ են՝ ավանի բնակելի թաղամասի հարևանությամբ գտնվող Նախնական զինվորական պատրաստության կենտրոնից, բայց հետո, պատուհանից դուրս նայելով, տեսել են, որ պայթյունը որոտացել է բնակարանում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, հրշեջները և շտապօգնության բրիգադը։ Ոստիկանները շքամուտքի մոտ մինչև առավոտ հերթապահել են։
«SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը բացառում է բնական գազի արտահոսքից պայթյունի հավանականությունը։
«Մենք գիշերը ստուգել ենք ամեն բան, գազի արտահոսք չի եղել, պայթյունը խոհանոցում չի եղել, խոհանոցում գազի երկու կետ է եղել, դրանք նորմալ վիճակում էին»,- ասաց Վրեժ Բերիկյանը։
Բնակարանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, վարձակալում է Ինգա Մաիսուրաձեն։ Նա այնտեղ միայնակ է ապրում: Ինգա Մաիսուրաձեն 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորի թեկնածու էր։ Մինչ թեկնածու առաջադրվելը նա աշխատել է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնում։ Նախընտրական շրջանում Ախալքալաքի «Միասնական ազգային շարժման» շտաբը բազմիցս հայտարարել էր Ինգա Մաիսուրաձեի նկատմամբ ճնշումների մասին։
Թե ինչպես է տեղի ունեցել պայթյունը, որ հոդվածով է ընթանում հետաքննությունը և միջադեպի այլ մանրամասների վերաբերյալ Jnews-ը կտեղեկացնի իր հաջորդ նյութերում։