Ախալքալաքի կենտրոնը Մաշտոցի հրապարակից մինչև Թավիսուփլեբա-Ճավճավաձե խաչմերուկը նախապատրաստվում է ասֆալտապատման համար։ Քանդվել է նաև Մաշտոցի հուշարձանի շրջակայքի մայթի, որը կմիացվի սալարկուղուն։ Սպասվում է նաեւ հուշարձանի շրջակայքի վերականգնում։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, ճանապարհահատվածի ասֆալտապատումը` Մեսրոպ Մաշտոցի հրապարակից Թավիսուփլեբա փողոցով մինչև Ճավճավաձեի հետ խաչմերուկը, իրականացվում է տեղական բյուջեի միջոցներով։
«Ես ավելի վաղ խոստացել էի, որ այս հատվածը կվերանորոգվի ճանապարհների փոսային նորոգման ծրագրի շրջանակներում: Դա արվում է տնտեսված գումարներով»,- ասում է Մելքոն Մակարյանը։
Բացի այդ, կվերականգնվի և կփոխվի նաև հուշարձանի շրջակայքի հրապարակը, բայց դա արդեն կիրականացվի Ախալքալաքի կենտրոնի վերակառուցման շրջանակներում՝ «Թարմացված շրջաններ» պետական ծրագրով։
«Մենք մի մասը (խմբ.՝ մայթի) հանել ենք, քանի որ կատարում ենք փոսային նորոգման աշխատանքներ, մենք շրջակայքը կբարեկարգենք, իսկ մնացածն իրենք կանեն։ Ամեն ինչ կփոխվի։ Երբ նրանք դա կանեն, այս տարի թե հաջորդ տարի, չեմ կարող ասել։ Կախված է նրանից, թե եղանակային պայմանները հնարավորություն կտան աշխատելու: Հրապարակը կփոքրանա, որպեսզի երթևեկի տարածքը մեծանա, մնացած ամեն ինչ կբարեկարգվի: Նախագիծը մենք տեսել ենք, մեզ հետ նրանք դա համաձայնեցրել են, շատ գեղեցիկ, հետաքրքիր նախագիծ է, ըստ որի կենտրոնը կունենա հետաքրքիր տեսք»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետը։
Հիշեցնենք, որ Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարությունը շրջաններում, այդ թվում՝ Ախալքալաքում, զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, իրականացնում է «Թարմացված մունիցիպալիտետ» ծրագիրը, որը ենթադրում է քաղաքի կենտրոնական փողոցի և կենտրոնական հրապարակի, այդ թվում՝ շենքերի ճակատային մասերի վերականգնում։