Հունվարի 31-ին, Հայոց բանակի օրվա առթիվ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի օրվան:
Միջոցառումը կրում էր «Լուսավոր գալիքի սպասումով» խորագիրը, որին ներկա էին՝ Ախալքալաքի սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնի մանկավարժներն ու սաները։
Ախալքալաքի և Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնների սաները միասին անցկացրին միջոցառումը՝ ժողովրդական պարերով, ազգային ու հայրենասիրական երգերով:
«Միջոցառումը նվիրված է Հայոց բանակին, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված մեր միջոցառումները ընդհատվել էին, որոշեցինք երկու կենտրոնների սաներին ոգևորելու համար այս միջոցառումը կազմակերպել», — ասում է Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանը։
«Այս տարի մի փոքր ընկճված տրամադրություն էր մեր մոտ, ինչպես խորագիրն էր ասում՝ լուսավոր ապագայի հույսով ցանկացանք մեր երեխաների ոգին վառ պահել» – ասում է Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնի մանկավարժ Սուսամբար Կուրղինյանը:
Իսկ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի մանկավարժի կարծիքով միջոցառումը կազմակերպված էր ճիշտ ժամանակին:
«Ժամանակի ոգուն համապատասխան միջոցառում էր, այսպիսի միջոցառումները մեր աշխատանքը դարձնում են ավելի արդյունավետ, մենք մեր երեխաներին նախապատրաստում ենք ավելի մեծ գործերի, որպեսզի վաղը նրանք համալրեն մեր արվեստի նշանավոր գործիչների շարքերը», – Վաչագան Ռստակյանը
Հայոց բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Այն լիովին կազմավորվեց 4-5 տարիների ընթացքում` իր առաջին «մկրտությունը» ստանալով հայ-ադրբեջանական պատերազմի տարբեր փուլերում՝ Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովելով։
Վարդուհի Կուրղինյան