Վրաստանի Կենսաթոշակային գործակալությունը հայտնում է, որ կուտակային կենսաթոշակային հիմնադրամի ակտիվը դեկտեմբերին կազմում է 2,87 մլրդ լարի։ Մասնակիցների ընդհանուր թիվը 1 մլն 349 հազար մարդ է։ Կուտակային կենսաթոշակից մինչ այժմ օգտվել է ընդամենը 2 838 մարդ, այս պահին նրանց վճարվել է 7,1 մլն լարի, փոխանցում է Newsgeorgia.ge-ն։
Կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո բոլոր շահառուները պետական ստանդարտ կենսաթոշակից բացի կստանան նաև կուտակային կենսաթոշակ:
Պետական կենսաթոշակային կուտակային հիմնադրամի ակտիվների մեծ մասը՝ 81%-ը, լարիով է, իսկ 19%-ը՝ արտարժույթով։ Ակտիվների 65,4%-ը տեղաբաշխված է ավանդային վկայագրերում և ժամկետային ավանդներում, 3,5%-ը՝ տոկոսաբեր հաշիվներում, 8,0%-ը՝ միջազգային բաժնետոմսերում, 13,5%-ը՝ Վրաստանի պետական գանձարանի արժեթղթերում, 8,7%-ը՝ ԱՄՆ գանձապետական մուրհակներում և 0,9%-ը՝ եվրոբոնդերում։
Ներկայում Վրաստանում գրեթե բոլոր թոշակառուները հասանելիություն չունեն կուտակային կենսաթոշակին, քանի որ այն ներդրվել է ընդամենը մի քանի տարի առաջ։ Նրանք ստանում են միայն միանման կենսաթոշակ, որը կախված չէ աշխատած տարիների քանակից և ստացած աշխատավարձից։
Կուտակային կենսաթոշակային համակարգը Վրաստանում ներդրվել է 2019 թվականի հունվարի 1-ից:
Աշխատավարձից կուտակային կենսաթոշակին մուծումները պարտադիր են նրանց համար, ովքեր 2018 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ մինչև 40 տարեկան էին, Վրաստանի տարեց քաղաքացիները հնարավորություն ունեին հրաժարվել դրանից իրենց որոշմամբ:
Տարեկան մինչև 24 հազար լարի աշխատավարձի դեպքում աշխատողից պահվում է 2 տոկոս, իսկ գործատուն և պետությունը վճարում են 2-ական տոկոս։ Տարեկան 24-ից 60 հազար լարի աշխատավարձով պետությունը վճարում է 1 տոկոս հավելյալ, իսկ եթե աշխատավարձն ավելի բարձր է, ապա միայն աշխատողն ու գործատուն են փոխանցում 2-ական տոկոս։
Գումարը կենսաթոշակային հիմնադրամ է փոխանցվում աշխատանքի բոլոր պաշտոնական վայրերից, նույնիսկ եթե անձը աշխատում է մի քանի տեղ:
Ինքնազբաղվածները կարող են ինքնակամ միանալ համակարգին, որի դեպքում նրանք պետք է վճարեն իրենց եկամտի 4%-ը, իսկ 2%-ը կավելացվի պետության կողմից։ Դա անելու համար անհրաժեշտ է հատուկ գրանցվել կենսաթոշակային գործակալության կայքում, այլ դեպքերում դա տեղի է ունենում ավտոմատ կերպով:
Քաղաքացին կարող է կենսաթոշակային վճարներ ստանալ մինչև կենսաթոշակային տարիքի լրանալը՝ Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու կամ հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ ստանալու դեպքում։ Մահվան դեպքում կենսաթոշակային վճարը կստանա օրինական ժառանգը: