Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից տնային կալանքի տակ պահելու նպատակով` թեմ տեղափոխելու նախաձեռնությունն իրատեսական չէ, հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Սաակաշվիլիին տնային կալանքի տակ պահելու նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ախալքալաքի, Կումուրդոյի մետրոպոլիտ Նիկոլոզ Պաճուաշվիլիn։ Դրա համար նա պատրաստ է սեփական թեմում տարածք հատկացնել։ Նրա խոսքով, այս նախաձեռնությունն արդեն քննարկել է նախկին նախագահի հետ։ Մետրոպոլիտը Սաակաշվիլիի հետ հանդիպել էր 2021 թվականի նոյեմբերին՝ Գդանսկի բանտում։ Նա նաև հացադուլի ժամանակ է տեսակցել նախկին նախագահին։

Արքեպիսկոպոս Նիկոլոզն առաջարկել է Սաակաշվիլիին մեկուսացնել Ջավախքում

«Սաակաշվիլիին թողնել Ուկրաինա, տնային կալանքի տակ առնել և այլն, ես կարծում եմ, որ բոլոր նման նախաձեռնությունները անիրատեսական են։ Ի վերջո, երկրում պետք է չէ՞ արդարություն ապահովվի։ Այդ դեպքում ինչո՞ւմ է կայանում այն բանտարկյալների մեղքը, ովքեր ավելի թեթև հանցագործություններ են կատարել», – հայտարարել է Կոբախիձեն «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով, աստիճանաբար բոլորն ընտելանում են այն մտքին, որ Սաակաշվիլին պետք է կրի իր պատիժը։

«Ավելին, այս դատավճիռը ոչինչ է նրա արածի դիմաց»,- նշել է Կոբախիձեն։

Սաակաշվիլին կալանավորվել է հոկտեմբերի 1-ին՝ առանց նրա ներկայության նրա նկատմամբ կիրառված երկու դատավճիռների հիման վրա։ Նրան դատապարտել են վեց տարի ազատազրկման։

2018 թվականի հունվարին Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել 2006 թվականին բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտվածներին համաներում շնորհելու, իսկ 2018 թվականի նոյեմբերին՝ իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի գործով մարդու առողջությանը վնաս հասցնելու կազմակերպման համար։

Սաակաշվիլիի դեմ ևս երեք քրեական գործ է քննվում՝ 2007 թվականի նոյեմբերի 7-ի ցույցը ցրելու, պետական ​​միջոցների յուրացման և Վրաստանի սահմանն ապօրինի հատելու փաստերով։