Այսօր՝ նոյեմբերի 29-ին, առավոտյան Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի աշխատակիցները սկսել են մաքրել Աղմաշենեբելի փողոցի անխնամ հատվածը, որը հանդիսանում է քաղաքի կենտրոնական մասը, ինչպես նաև Ախալցիխե-Նինոծմինդա մայրուղու մասը։ Այս փողոցի սպասարկումը, այդ թվում՝ մաքրումը, ըստ Ճանապարհային վարչության շահած տենդերի պետք է իրականացնի «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։
Քաղաքի այս հատվածի համար ակտուալ Աղմաշենեբելի փողոցի անխնամության թեմային Jnews-ն անդրադարձել էր վերջերս: Այս փողոցը ոչ միայն միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա մայրուղու մի մասն է, այլ նաև այստեղ մի քանի հազար մարդ է ապրում, քանի որ բազմահարկ շենքերի հիմնական մասը գտնվում է քաղաքի այս հատվածում։ Որոշ տեղերում մայթերը մացառով են պատված, որոնցում ոչ միայն բուսականություն, այլ նաև աղբ կա։ Այստեղ կարելի է տեսնել շարժիչի յուղի տարաներ, անիվներ, բամպերներ և շատ ավելին: Անտիրական վիճակը զգացվում է «Ավերսի» դեղատան հարակից տարածքից սկսած մինչև քաղաքի ծայրամասը։ Այդ բոլոր փաթեթները, պլաստմասե շշերը և ողջ աղբակույտը հայտնվում են բնակիչների և այստեղով երթևեկող մեքենաների մեղքով, որոնցից էլ դուրս է նետվում աղբը։
Չնայած այն հանգամանքին, որ քաղաքի այս հատվածի սպասարկումը «Ախալքալաքի սպասարկման կենտրոն» ՍՊԸ-ի պարտականությունը չէ, առավոտից այս կենտրոնի աշխատակիցները սկսել են մաքրել փողոցի անխնամ և մացառով պատված տարածքը։ Սպասարկման կենտրոնից հայտնում են, որ մաքրման հրահանգը ստացել են Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանից և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանից։
«Շուտով ձյուն կգա, անհրաժեշտ է մաքրել, որ աղբը, պարկերը ձյան տակ չմնան: Սա ևս մեր քաղաքի մասն է, որը կարող եմ ասել՝ այս վիճակում չենք կարող թողնել»,- ասաց Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը:
Տվյալ փողոցը գտնվում է Վրաստանի Ճանապարհային վարչության պատասխանատվության ներքո և սպասարկվում է «Ջավախ Ավտո Գզա» ընկերության կողմից, սակայն պատշաճ կերպով չի սպասարկվում։
Անտիրական, կենտրոնական փողոցն Ախալքալաքում