Դեռ մի քանի տարի առաջ ամբողջ Ախալքալաքի համար աղբն արդիական խնդիր էր հանդիսանում, սակայն տարեցտարի այդ խնդիրն աստիճանաբար լուծվում է։ Չնայած դրական միտումին, Ախալքալաքում դեռ կան փողոցներ, որոնք աղբի մեջ կորած են։ Դրանցից մեկն Աղմաշենեբելի փողոցն է։
Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցը միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա մայրուղու մի մասն է։ Այստեղ ապրում է մի քանի հազար մարդ, քանի որ բարձրահարկ շենքերի մեծ մասը գտնվում է քաղաքի այս հատվածում։ Մեկ շաբաթ շարունակ մայթին, շինանյութի խանութներից մեկի մոտ ընկած էր շան դիակ։ Որոշ տեղերում մայթերը մացառով են պատված, որոնցում ոչ միայն բուսականություն, այլ նաև աղբ։ Այստեղ կարելի է հանդիպել շարժիչի յուղի տարաներ, անիվներ, բամպերներ և շատ ավելին: Անտիրական վիճակը զգացվում է «Ավերսի» դեղատան հարակից տարածքից սկսած մինչև քաղաքի ծայրամասը։
Այդ բոլոր փաթեթները, պլաստմասե շշերը և ողջ աղբակույտը հայտնվում են բնակիչների և այստեղով երթևեկող մեքենաների մեղքով, որոնցից էլ դուրս է նետվում աղբը։ Նման դեպքերի համար նախատեսված տուգանք Ախալքալաքում չի կիրառվում կամ հազվադեպ է կիրառվում։
Ո՞վ է պարտավոր հետևել այս փողոցի մաքրությանը, Jnews-ը փորձեց պարզել փուլ առ փուլ։ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի ղեկավար Մխիթար Ռստակյանի խոսքով, այս ճանապարհահատվածը չի մտնում իրենց պարտականությունների մեջ, քանի որ Աղմաշենեբելին մայրուղու մաս է, և դրանով զբաղվում է Վրաստանի Ճանապարհային վարչությունը, սակայն, երբեմն Սպասարկման կենտրոնը մաքրման աշխատանքներ, այնումանեայնիվ, իրականացնում է։
«Այս ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները պետք է իրականացնի «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը, բայց քանի որ նրանք չեն մաքրում, ստիպված մենք ենք մաքրել: Տարին մի քանի անգամ մաքրություն ենք անում, վերջին անգամ նախօրեին էր։ Գիտեմ, որ Ջավախեթյանից սկսած, Աղմաշենեբելիով և մինչև քաղաքի վերջը նրանց պարտականությունների մեջ է մտնում, բայց ինչ արած, չէ՞ որ դա ևս մեր քաղաքում է»,- ասում է նա։
Jnews-ը կապ հաստատեց Վրաստանի Ճանապարհային վարչության հետ, որտեղից տեղեկացանք, որ ճանապարհների սպասարկումը ներառում է աղբահանությունն ու փոսային նորոգումը և այն ամենը, ինչ անհրաժեշտ է տվյալ ճանապարհին։ Վարչությունից չկարողացան պատասխանել, թե ինչու է Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցը սպասարկվում ոչ պատշաճ կերպով՝ նշելով, որ կճշտեն և խոստացան, որ կկապվեն պատասխանատու ընկերության հետ և կասեն, որ փողոցն ավելի լավ սպասարկեն։
Շուտով ձմեռ է, այս փողոցի աղբն ու խոտի թավուտները կծածկվեն ձյունով և այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի հանգիստ սպասել գարնանը՝ ոչինչ չանելով։