Այսօր՝ հունվարի 9-ին, Կարտիկամ, Կուլիկամ և Խուլգումո գյուղերի բնակիչները հավաքվել էին Ախալքալաքի քաղաքապետարանի շենքի դիմաց՝ պարզելու երթուղային տաքսու ֆինանսավորման դադարեցման պատճառը, որն իրենց գյուղերից աշակերտներին տեղափոխում էր քաղաքի հանրային դպրոցներ, մեծամասամբ՝ Ախալքալաքի թիվ 2 ռուսական դպրոց: Տեղական իշխանությունները ֆինանսավորման դադարեցումը բացատրում են կորոնավիրուսի պատճառով բյուջեում առաջացած «բացով»:
Ախալքալաքի մոտակա գյուղերի շուրջ 60 բնակիչներ այսօր հավաքվել էին քաղաքապետարանի մոտ, նրանք ցանկանում էին պարզել, թե ինչու է որոշվել դադարեցնել երթուղայինի ֆինանսավորումը, որով դպրոցականներին այս երեք գյուղերից տեղափոխում էին Ախալքալաքի դպրոցներ: Ինչպես Jnews-ին ասացին հավաքվածները՝ Ախալքալաքի դպրոցներում սովորում է 50 երեխա: Սկզբում գյուղացիները ցանկանում էին այս մասին խոսել Ախալքալաքի քաղաքապետի հետ, բայց քաղաքապետարանի բակում նրանց հետ հանդիպեցին խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:
Տեղական իշխանությունները ֆինանսավորման դադարեցումը բացատրում են նրանով, որ կորոնավիրուսի պատճառով քաղաքապետարանի բյուջեն դեֆիցիտ ունի, ուստի նրանք ստիպված են եղել կրճատել որոշ ծախսեր, այդ թվում` երթուղայինի, որով երեխաները տեղափոխում են այս երեք գյուղերից Ախալքալաքի դպրոցներ:
Սամվել Մանուկյանը հավաքված բնակիչների հետ զրույցում բացատրեց, որ հնարավոր չէ այսպես հավաքվելով այս հարցը լուծել, որ այդ հարցն արդեն լուծված է, և որ մունիցիպալիտետը հնարավորություն չունի, և գյուղերի միջև տարբերություն դնել չի կարելի, ինչու նրանք պետք է ունենան երթուղային, իսկ մյուսները՝ ոչ, չնայած նա նշեց, որ լավ կլիներ, եթե այդպիսի հնարավորություն լիներ:
«Ինչու՞ եք ուզում, որ ես ձեզ խաբեմ: Դա հնարավոր չէ: Նիստի ժամանակ ես ինքս էի ցանկանում, որ երթուղայինը մնա, բայց եթե դա հնարավոր չէ, ինչու եք կրկին ու կրկին անգամ ձերը պնդում», – ասաց Սամվել Մանուկյանը:
Իր հերթին, Նաիրի Իրիցյանն ասաց, որ մունիցիպալիտետն օրինակ խաղատներից եկամուտ չի ստացել, և որ անցած տարվա բյուջե նույնիսկ «մի կոպեկ» չի մտել, ուստի բյուջեն նվազել է, եթե բյուջեն թույլ տար, այդ դեպքում խնդիրը գոյություն չէր ունենա։ Իրիցյանը ցուցարարներին առաջարկում է հավաքվել մի քանի հոգով և երեխաների համար մի մեքենա վարձել: Ինչ վերաբերում է նրան, որ եթե ծնողներից որևէ մեկը չկարողանա վճարել ճանապարհածախսի համար, Իրիցյանն առաջարկեց բացառության կարգով դիմել քաղաքապետարան՝ օգնություն ստանալու նպատակով:
Բնակիչները բացատրեցին, որ իրենք երեխաներին ինքնուրույն քաղաք ուղարկելու հնարավորություն չունեն, մյուս կողմից` երեխաների առաջին տարին չէ, որպեսզի նրանց տեղափոխեն գյուղի դպրոց, իսկ ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաներն ընտրության հնարավորություն ունենան, թե որ դպրոց հաճախեն: Խտրականության վերաբերյալ մասնակիցները բերեցին իրենց օրինակը, որ եթե այլ գյուղերում ինչ-որ բան է կառուցվում, իսկ իրենցում՝ ոչ, ապա ի՞նչ անել, քանդե՞լ կառուցվածը: Իշխանություններին հիշեցրեցին նաեւ ընտրությունների մասին:
«Այսօր դուք եք մեզ անհարմար դրության մեջ դնում, վաղը՝ մենք: Վաղը, մյուս օրը ընտրություններ կլինեն»:
Ստանալով պատասխանը՝ Կարտիկամ, Կուլիկամ և Խուլգումո գյուղերի բնակիչները որոշեցին վերադառնալ գյուղեր և մտածել, թե ինչպես լուծել այս խնդիրը:
Քրիստինե Մարաբյան