Նոյեմբերի 27-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ փառատոն, որտեղ GIPA MEDIA LAB-ի երիտասարդ մասնակիցները ներկայացրեցին իրենց մուլտիմեդիա նախագծերը։ Ցուցադրությունը տեղի ունեցավ GIPA DocU վավերագրական ֆիլմերի փառատոնի շրջանակներում:
Փառատոնի շրջանակներում, «Գրանդ Մուր» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում առավոտից ցուցադրվել են ֆիլմեր, իսկ երեկոյան տեղի է ունեցել լավագույն նախագծերի մրցանակաբաշխությունը։
Փառատոնին ցուցադրվել են նախագծի մասնակիցների մոտ 20 ֆիլմ Ախալքալաքից, Նինոծմինդայից և Մառնեուլից։ Հրավիրված փորձագետներից և GIPA-ի ներկայացուցիչներից կազմված ժյուրին առցանց էր հետևում փառատոնին: Ժյուրիի որոշման արդյունքում ընտրվել են լավագույն հեղինակները։
Այսպիսով, առաջին տեղը գրավել է Սեդա Գիգոլյանի աշխատանքը, ով պատմում էր Խուլգումո գյուղից երկու երեխաների և միայնակ հոր կյանքի դժվարությունների մասին։ Հաղթող ֆիլմի հեղինակը լեփթոփ է ստացել։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպիրիդոն Բագիրյանը: Նա նյութ է պատրաստել տարեց կինոմեխանիկի վերջին այցելության մասին Արագյալ գյուղի լքված ակումբ։ Սպիրիդոնը ստացել է տեսախցիկ և տեսանկարահանման համար անհրաժեշտ բոլոր պարագաները։
Երրորդ տեղը զբաղեցրել են Գյունել և Գուդրաթ Քարիմովները: Նրանց նյութն այն մասին է, թե ինչպես են Մառնեուլում պատրաստում գորգեր։ Որպես պարգև նրանք տեսախցիկ են ստացել։
Պարգևատրվել են նաև Լուսինե Նուրիջանյանի, Արտյոմ Քոսյանի և Եվգինե Ղարսլյանի, Նարինե Տոնականյանի, Գոհար Ղանդոյանի և Թամար Առաքելյանի, Զոյա Ղարսլյանի, Քամիլ Մուստաֆաևի, Քոսկուն Մամեդովի աշխատանքները։
Նրանք ստացել են կոշտ սկավառակ (HDD) և արտաքին մարտկոց (Power bank):
Նշենք, որ «4 Grand Prize»-ը՝ GIPA-ում սովորելու կրթաթոշակը, ստացել են.
Սպիրիդոն Բագիրյանը՝ Նինոծմինդայից
Լուսինե Նուրիջանյանը՝ Ախալքալաքից
Սոնա Օրուզովան՝ Մառնեուլիից
Ֆիդան Ալիևան՝ Մառնեուլիից
Այս ծրագրով Ջավախքից 10 երիտասարդ արդեն սովորում են GIPA-ում, առաջին հաղթողն այս տարի ավարտում է բակալավրիատը։
GIPA Media Lab-ը սոցիալական նախագիծ է, որը զարգացնում է մուլտիմեդիա-պատմություններ ստեղծելու հմտությունները, սովորեցնում է թվային հաղորդակցություն և գրագիտություն՝ էթնիկ համայնքների երիտասարդներին, նպաստում է նրանց մասնագիտական զարգացմանը և ինտեգրմանը հասարակական կյանքին:
Ծրագիրն իրականացվում է Ժուռնալիստիկայի և ԶԼՄ-ների կառավարման կովկասյան դպրոցի կողմից, վարպետաց դասերը, սեմինարներն ու թրեյնինգները վարում են Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) պրոֆեսորադասախոսական կազմը և հրավիրյալ դասախոսները։
GIPA MEDIA LAB-ի գործունեությանը ներգրավված են նաև հայ և ադրբեջանցի ուսանողներ և լրագրության մագիստրոսական ծրագրի շրջանավարտներ: Ծրագիրը նպաստում է երիտասարդների միջև հաղորդակցությանը և նրանց միավորում է երկրի ու տարածաշրջանի համար ավելի լավ ապագա կառուցելու համընդհանուր գաղափարի շուրջ։
Ծրագիրն իրականացվում է Վրաստանում 2017 թվականից՝ ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են հարյուրավոր երիտասարդներ Սամցխե-Ջավախքից և Քվեմո Քարթլիից: