Խոսպիո գյուղի մարզահրապարակը կառուցվել է LAG-ից ստացված դրամաշնորհով, ինչպես նաև Խոսպիո և Մարտունի գյուղերի սեփական ներդրումներով։ Մինի մարզադաշտից օգտվում են ինչպես այս գյուղերի, այնպես էլ այլ տեղերի երիտասարդները։

Խոսպիո գյուղի համայնքային միավորումը, որտեղ ընդգրկված է Ախալքալաքի մունիցիպալիտետի Մարտունի գյուղը, ԵՄ ENPARD-2 ծրագրով, դրամաշնորհի համար, 2018թ.-ին LAG-ի (Տեղական զարգացման խումբ) մրցույթին հայտ է ներկայացրել և շահել մարզադաշտի կառուցման դրամաշնորհ, երկու գյուղերի երիտասարդների համար: Մարտունի և Խոսպիո գյուղերը 2018 թվականի «Օգնություն գյուղին ծրագրի» (ՕԳԾ) իրենց միջոցները ևս ներդրել են մարզադաշտի կառուցման համար։ Մարտունի և Խոսպիո գյուղերի ՕԳԾ-ի գումարը կազմում էր 12 000-ական լարի։

Խոսպիո և Մարտունի գյուղերում ապրում են 3 ազգության ներկայացուցիչներ՝ հայեր, վրացիներ և հույներ։ Մարզադաշտը կառուցվել է այս ազգերի երիտասարդներին համախմբելու և առողջ ապրելակերպը քարոզելու համար։ Մարզադաշտի կառուցման որոշումը կայացվել է երկու գյուղերի հանդիպման ժամանակ, երբ որոշվում էին ՕԳԾ-ով 2018 թվականի առաջնահերթ աշխատանքները։

Մարզադաշտի կառուցման վայրն ընտրվել է Խոսպիո և Մարտունի գյուղերից ոչ հեռու, որպեսզի մարզադաշտից օգտվեն նաև Մուրջախեթ, Չամդուրա և Խորենիա գյուղերի երիտասարդները։

Խոսպիո գյուղի մասնագետ Լեւոն Մինասյանի խոսքով, մարզադաշտից օգտվում են ոչ միայն երկու գյուղերի, այլեւ հարակից գյուղերի երիտասարդները։

«Գալիս են Մուրջախեթի, Չամդուրայի, Խորենիայի երիտասարդները, նաև Ախալքալաքից են գալիս: Վերջին շրջանում մարզադաշտը չփչացնելու համար մենք այն բանալիով փակում ենք, բացում ենք միայն այն ժամանակ, երբ գալիս են խաղալու: Ուղղակի վերահսկում ենք, նա, ով վերահսկում է, մարզադաշտին մոտ է ապրում, նա է բացում ու փակում: Մենք այլ կազմակերպությունների հետ մարզադաշտի լուսավորության ծրագրեր ունենք, քաղաքապետարանը մեզ համար մարզագույք, մարզահագուստ է գնել»,- ասում է Լեւոն Մինասյանը։

Մարզադաշտում երիտասարդները խաղում են ֆուտբոլ, վոլեյբոլ։ Վոլեյբոլի ցանցը, մասնագետ Լեւոն Մինասյանի խոսքով, գնել է քաղաքապետարանը։