Ախալքալաքի Խուլգումո գյուղի բնակիչ Գագիկ Եփրիկյանը շրջանում հայտնի է որպես էլեկտրատեխնիկայի մասնագետ, ով դեռ մանկության տարիներից օրվա հացի փողով կամ ուսանողական թոշակով ստեղծել է սկավառակների հավաքածու։

Գագիկ Եփրիկյանը ապրում է ընտանիքի հետ, նրան երջանկացնողը երեխաների հաջողություններն են։ Հպարտանում է աղջկանով, ով այսօր Թբիլիսիում բարձրագույն կրթություն է ստանում։ Ապրուստի հիմնական միջոցը էլեկտրատեխնիկայի վերանորոգումն է, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքները։

4

Տան մոտ տեղակայված փոքրիկ վագոնում, որտեղ փայտի վառարանն է վառվում, ամենուր էլկտրատեխնիկա է, հեռուստացույցներ, նվագարկիչներ, տարբեր երաժշտական գործիքներ, ֆիզիկայի ու մեխանիկայի գրքեր և արհեստագործական պարագաներ, որոնց միջոցով վարպետ Գագիկը վերականգնող-արհեստավորի գործով է զբաղվում։

Այս արհեստանոցից դուրս, տան պահարաններում պահած ուրիշ աշխարհ ունի։ Պահարանի ներսում համաշխարհային երաժշտության լավագույն ընտրանիների սկավառակներն են, որոնցից շատերը դժվարությամբ է գնել հավաքածուն համալրելու և ճաշակով երաժշտություն լսելու համար։

Թվում է թե լեռներին ձուլված մեր աշխարհում սահմանափակվում է մարդու նախասիրությունները, սակայն Գագիկ Եփրիկյանի հավաքածուի անունները միայն վկայում են այն մասին, որ այս աշխարհում երաժշտությունն ուրույն տեղ ունի։

«Սկսեցի սիրել ռոկը, որովհետև այս երաժշտությունը ի սկզբանե ստեղծվել է պայքարի համար։ Ռոկը բողոքի ձայնն է։ Pink floyd խմբի հիմնադիրները բողոք ունեին, իրենց խոսքն ասելու յուրովի տարբերակն ընտրեցին։ Եթե այդ բողոքն այսօր էլ դրսևորվի մեր երիտասարդության մեջ, ուրեմն հույս կա, որ ամեն ինչ կորած չէ։ Ռոկը, ջազը հայկական չեն, մեր Ջավախքի լեռներից գուսանական երգ է հնչում, բայց դա չի նշանակում, որ Աբուլի գագաթից Deep Purple չես կարող լսել»,- ասում է Գագիկ Եփրիկյանը։

2

5

Մասնագիտությամբ ինժիներ-ռադիոմեխանիկ Գագիկը մանկության տարիներից երազել է օդաչու դառնալու մասին։ Բայց, երբ խնդրեցինք պատկերացնել, թե ի՞նչ երաժշտություն կլսեր երկնքից, եթե օդաչու լիներ, նա պատասխանեց, որ Pink floyd խմբի ստեղծագործություններն ամենահամարժեքն են երկնքում լսելուն։

3

Սոնա Տոնականյան