Թախչայի բնակիչները պաշարում են սնունդ, քանի որ ձմռանը երկար ժամանակ նրանք կարող են կտրված մնալ Ախալքալաքից փակ ճանապարհների պատճառով: Գյուղի բնակչությունը 15 տարվա ընթացքում նվազել է ավելի քան 2 անգամ: Այստեղ դպրոց են հաճախում ընդամենը 4 երեխա:
2002 թ. մարդահամարի արդյունքներով Թախչա գյուղում ապրում էր 106 մարդ, իսկ հիմա գյուղում կա մոտ 40 բնակիչ, այն էլ գյուղացիների խոսքով՝ գրեթե բոլորը ծերեր են, այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն հեռանալու:
«Գյուղում երիտասարդություն չի մնացել, բոլորը հեռանում են: Ձմռանը չկա ճանապարհ, որ գնանք քաղաքից սնունդ բերենք: Չկա աշխատանք, իսկ կարտոֆիլը լավ չի եղել», – ասում է Սոս Սնխչյանը:
Նա մանկուց ապրում է Թախչայում, սակայն եթե հնարավորություն ունենա, կհեռանա իր հայրենի գյուղից: «Եթե երիտասարդ լինեի, չէի թողնի գյուղը, բայց արդեն ծեր եմ, հիվանդ: Եթե հնարավորություն ունենամ, կգնամ»:
Թախչայի դպրոցում սովորում են միայն Եփրիկյան Անահիտի 4 երեխաները: Անահիտ Եփրիկյանը չնայած ուսուցիչների սակավությանը՝ գոհ է այնտեղի կրթությունից:
«Երեխաներս լավ կրթություն են ստանում դպրոցում: Շնորհակալ եմ բոլոր ուսուցիչներից», – ասում է բազմազավակ Անահիտ Եփրիկյանը:
Գյուղացիները ամիսներ առաջ, նախքան ձյան գալն են քաղաքից հավաքում ձմռան սնունդը: Իսկ թե ինչպես են գոյատևում ձմեռը, գյուղացիները պատասխանում են՝ «Արջի պես, ինչպես արջն է իր պաշարը հավաքում մտնում որջը, այդպես էլ մենք»:
Բայց և այնպես, թախչացիները իրենց գյուղը չեն մոռանում: Ամռանը գյուղի մեծահարուստների հովանավորչությամբ նշվում է «տունդարձի օր»-ը, և այդ օրը Թախչա են վերադառնում այնտեղից հեռացածների մեծ մասը:
Արթուր Մոսոյան