Ախալքալաքի տեղական զարգացման խումբը (LAG) իրականացնում է «Նախադպրոցական կրթության նոր չափանիշների, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում Ախալքալաքի մունիցիպալիտետում» նախագիծը։ Նախագծի նպատակն է նախադպրոցական տարիքի մանկավարժներին, կարգավիճակ ստանալու համար, վերապատրաստել կրթական նոր չափորոշիչներով։ Նախագիծը մեկնարկել է փետրվարին և կտևի մինչև հուլիս։
Նախագծի նպատակն է նպաստել Ախալքալաքի մունիցիպալիտետում նախադպրոցական կրթության բարեփոխումների գործընթացին, բարելավել մանկավարժների որակավորումը` նրանց ներգրավելով նախադպրոցական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման ծրագրին, ստեղծել դպրոցական ուսումնական ծրագիր և օգտագործել ինտերակտիվ կրթական ռեսուրսներ:
Նախագծի կազմակերպիչների խոսքով, դրամաշնորհը կընդլայնի դաստիարակների հնարավորությունները վերապատրաստման մոդուլի միջոցով, իսկ մանկապարտեզներին կօգնի ներդնել նոր կրթական չափորոշիչներ: Մանկավարժները ձեռք կբերեն նոր հմտություններ, ժամանակակից կրթության և դաստիարակության մոտեցումներ։ Արդյունավետ կրթության ներդրման միջոցով երեխաները կունենան ավելի հետաքրքիր դասեր, զբաղմունքներ, ավելի շատ գիտելիքներ ձեռք կբերեն։
Նախագիծը ֆինանսավորվում է EU-ENPARD-3-ի կողմից ՄԱԶԾ «Վրաստանում գյուղական համայնքների զարգացման բարելավում» (IRDG) ծրագրի շրջանակներում: Նախագիծը կիրականացվի 5 ամսվա ընթացքում եւ կընդգրկի մունիցիպալիտետի բոլոր 13 մանկապարտեզները։ Նախագծի բյուջեն կազմում է 15 հազար ԱՄՆ դոլար։
Այս նախագծի շրջանակներում երկու փուլով կվերապատրաստվեն 55 նախադպրոցական կրթարանների դաստիարակներ։ Մանկավարժները բաժանվել են երկու խմբի, առաջինն արդեն ավարտել է վերապատրաստման դասընթացը, երկրորդը՝ ուսման փուլում է։ Յուրաքանչյուր խումբ դասընթացն ավարտում է 9 օրում։ Առաջինում վերապատրաստվել է 28 դաստիարակ, երկրորդում՝ 27։
Նախագծի առանցքը ինտերակտիվ ուսուցման մեթոդի ներդրումն է, նոր տեխնոլոգիաների կիրառումը նախադպրոցական կրթական համակարգում։ Այս ամենը կուսուցանվի արդեն երկրորդ փուլում։ Երկրորդ փուլի համար 55-ից կընտրվեն 20 դաստիարակ, որը կմեկնարկի մայիսին։
Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով նախագիծը պետք է անցկացվեր օնլայն, սակայն մարտին, սահմանափակումների վերացումից հետո, կազմակերպիչները որոշեցին արդյունավետության համար դասերն անցկացնել օֆլայն։
Ծրագրի ղեկավար Սերգեյ Խաչատրյանի խոսքով, Կրթության նախարարությունը դաստիարակի կարգավիճակ ստանալու համար չափանիշներ ունի: Նախագիծը նախատեսում է դաստիարակների վերապատրաստումն այս չափորոշիչներին համապատասխան՝ կարգավիճակ ստանալու նպատակով։
«Մենք պայմաններ ենք ստեղծել, որպեսզի նրանք մաքսիմալ կարողանան գիտելիքներ ձեռք բերել, վերապատրաստման նպատակը ոչ միայն գիտելիքների ավելացումն է, այլ նաև ատեստավորումը։ Նրանք դասընթացներից հետո սերտիֆիկատներ ստանալու համար թեստեր կհանձնեն, գնահատվում են ոչ միայն թեստերը, այլ ողջ գործընթացը (ակտիվությունը, տնային աշխատանքները): Դրանից հետո նրանց կարգավիճակը բարձրանում է»,- ասում է Սերգեյ Խաչատուրյանը։
Դասընթացը Սակրեբուլոյի շենքում վարում է Սամցխե-Ջավախքի համալսարանի պրոֆեսոր Իրմա Քուրդաձեն։ Դասընթացն անցկացվում է վրացերենով և թարգմանվում է հայերեն։
Ախալքալաքի մունիցիպալիտետում 70-ից ավելի նախակրթարանի դաստիարակներ կան։ Այս նախագծում չընդգրկվածների վերապատրաստման ծրագիրը կազմակերպում է Ախալքալաքի մանկապարտեզների միավորումը։
Միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը շատ գոհ է նախագծից.
«Մինչև 2030 թվականը բոլոր մանկապարտեզները պետք է ավտորիզացում անցնեն, նախկինում ժամկետը մինչև 2021 թվականն էր, սակայն չհասցրեցին, և ժամկետը երկարաձգվեց։ Քանի որ բոլոր դաստիարակների վերապատրաստումը մեծ գումարի հետ է կապված, մենք չէինք կարող, նման հնարավորություն չունենք։ Արդեն ոչ շատ մանկավարժներ են մնացել, և մենք կարող ենք նրանց վերապատրաստել մեր միջոցներով»,- ասում է Անահիտ Ասատուրյանը։
Նախագծի ղեկավար Սերգեյ Խաչատուրյանի խոսքով, նախագծի շրջանակներում Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզը կստանա տեխանիկա (սմարթ-գրատախտակ, սմարթ-հեռուստացույց, հայերեն և վրացերեն գրքեր ու խաղալիքներ)։
Սերգեյ Խաչատրյանն ասում է, որ իրենք ընտրել են Թիվ 2 մանկապարտեզը, քանի որ այն ամենամեծն է և ունի երեք լեզվով խմբակներ՝ հայալեզու, վրացալեզու և ռուսալեզու։ Թիվ 2 մանկապարտեզում սովորում է 239 երեխա։