Գազաբաշխիչ «SJGC» ընկերությունն աշխատում է ինչպես Ախալքալաքի, այնպես էլ Նինոծմինդայի մունիցիպալիտետների որոշ գյուղերի գազիֆիկացման նոր ծրագրերի ուղղությամբ: Թե որ նախագիծը, երբ և ինչպես կիրականացվի, դեռ որոշված չէ, սակայն դրանց առկայությունն ավելի իրատեսական է դարձնում գյուղերի բնակիչների գազիֆիկացման հետ կապված հույսերը։

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում կա 17 957 բաժանորդ, որից 11 821-ը՝ Ախալքալաքում, 6136-ը՝ Նինոծմինդայում։ Գործունեության 14 տարիների ընթացքում գազաբաշխիչ ընկերությունը չի փակել շրջանի գազիֆիկացման ծախսերը, սակայն մտադիր է ընդլայնել գազաբաշխիչ գծերը։ Իր ցանցի վերջին ընդլայնումը SJGC-ն իրականացրել է 2018 թվականին, երբ գազաֆիկացրել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղը։

Ախալքալաքի 21 և Նինոծմինդայի մունիցիպալիտետների 9 գյուղերի բնակիչները, որտեղ բնական գազ չկա, արդեն հոգնել են գազիֆիկացման խնդրանքով պաշտոնյաների բոլոր դռները թակելուց։

Ժդանովում չեն կորցնում բնական գազ ունենալու հույսը

Չունչխա գյուղը գազաֆիկացվել է պետական ​​ծրագրով, սակայն գազն այդպես էլ չի հասել հասցեատիրոջը

Աբուլ գյուղում երազում են բնական գազ ունենալ
Ցրտաշունչ Գորելովկան գազաֆիկացման սպասումներում

Առանց գազի, առանց ինտերնետի, մաքուր սրտով…

SJGC գազաբաշխիչ ընկերությունն Ախալքալաքի մունիցիպալիտետի երկու գյուղերի համար (Մեծ և Փոքր Սամսարներ) նախագծեր է մշակում, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում մտադիր է կառուցել Հեշտիա-Սաթխա – Սաթխա-Նինոծմինդա նոր գիծը:

«Ախալքալաքի մունիցիպալիտետի Մեծ Սամսար և Փոքր Սամսար գյուղերում նախատեսում ենք գազ անցկացնել, կոնկրետ ժամանակ չկա, մենք դեռ նախագծերն ենք կազմում, հասկանալու համար, թե դա որքան կարժենա և ինչ ռեսուրսներ կպահանջվեն մեզանից: Իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում, քանի որ Նինոծմինդայի քաղաքապետարանն ուզում է գազ անցկացնել Գորելովկայի ուղղությամբ՝ Օրլովկա-Գորելովկա գիծը, մենք էլ մեր հերթին ացնկացնում ենք նոր գիծ՝ Հեշտիա-Սաթխա – Սաթխա-Նինոծմինդա»,- ասաց SJGC գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը։

Ընկերության համար Նինոծմինդայի մունիցիպալիտետի նոր գիծը կարժենա մոտ 1 մլն 200 հազար լարի։ Հեշտիա-Սաթխա և Սաթխա-Նինոծմինդա նախագծերն արդեն ուղարկվել են թույլտվություն ստանալու համար։

Վրեժ Բերիկյանի խոսքով, խոսակցություններ են եղել նաեւ Ախալքալաքի շրջանի Կարծախի ուղղությամբ նոր գիծ անցկացնելու մասին։

«Մեզ խնդրեցին, մենք տեղեկություններ տվեցինք Կարծախի գծի գլխավոր գազատարի մոտավոր սխեմայի և երկարության մասին: Այս գծի կառուցումը մեզ համար ձեռնտու չէ, 30 տարի հետո էլ եկամուտը չի փակի ծախսերը: Դե իսկ ընդհանուր առմամբ, Ջավախքի գազիֆիկացման ծախսերը դեռ չեն մարվել: Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի (GNERC) հաշվարկներով, ծախսերը պետք է մարվեն առնվազն 30 տարի հետո, բայց մենք ունենք գյուղեր, որտեղ դա 30 տարի հետո էլ չեն փակվի»,- ասում է Վրեժ Բերիկյանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետում գազաֆիկացված չէ 21 գյուղ, այդ թվում՝ Պտենա և Չունչխա գյուղերը, որտեղ 2019-2020 թվականներին պետական ծրագրով անցկացվել է կենտրոնական գազատարը, սակայն գազը հետագայում չի բաշխվել բաժանորդներին։ Գյուղերը երկու տարի է սպասում են կենտրոնական գազատարին միանալուն։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում 9 գյուղ գազաֆիկացված չէ։

Ախալքալաքը և Նինոծմինդան համարվում են Վրաստանի ամենագազիֆիկացված մունիցիպալիտետները։