Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղը Ջավախքի ամենացուրտ գյուղերից է: Գորելովկան բազմերանգ է, այնտեղ ապրում են հայեր, վրացի մահմեդականներ և դուխոբորներ։ Բոլորն ունեն մեկ ցանկություն՝ գյուղում ունենալ բնական գազ։
Գորելովկայում այսօր ապրում է 301 ընտանիք։ Այս գյուղը հիմնադրվել է 1841 թվականին, Ռուսաստանից և Ուկրաինայից արտաքսված ռուսների` դուխոբորների կողմից։
XX դարի 1990-ական թվականներին ռուս բնակիչների քանակը նվազել է, իսկ նրանց կողմից լքված տներում բնակություն են հաստատել Աջարիայից եկած վերաբնիկները, ինչպես նաև շրջակա գյուղերից եկած հայերը։ Գյուղում կա երեք դպրոց՝ հայկական, վրացական և ռուսական։
Գյուղից արտագաղթը քիչ է, իսկ ներգաղթ կա, դեռ գյուղում բնակություն են հաստատում վրացի մահմեդականները։ Գյուղում լինում են նաև ազգամիջյան ամուսնություններ։
Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։
«Գյուղում բնական գազ չկա, ինչը մեծ խնդիր է առաջացնում մեզ համար, ձմռանը շատ ցուրտ է, իսկ գազը հարկավոր է, որ կարողանանք նորմալ տաքանալ», – ասաց գյուղի բնակիչ Լաշա Շավաձեն։
Ձմռան ընթացքում տաքանում են փայտ և աթար վառելով։
«Անտանելի դժվար է մեզ համար, ամենացուրտ ձմեռը մեր տարածքում է, որտեղ որ գազ չկա։ Մենք փայտի մեկ շարքի համար տալիս ենք 650 լարի, միջին ընտանիքը, որտեղ 4-5 մարդ է ապրում, սպառում է 5 շարք փայտ, դա կազմում է 3200-3300 լարի», – ասաց Մնացական Բաբաջանյանը։
Եղել է պահ, երբ գյուղացիները անգամ սկսել են գումար հավաքել գազաֆիկացման համար, սակայն ապարդյուն։
«Արդեն քանի տարի է խոստանում են գազը գյուղ հասցնել, բայց բացի խոստումից ոչինչ չի լինում։ Գյուղացիները գումար սկսեցին հավաքել, ասացին պետք է 80 000 լարի, հավաքեցինք, հետո ասացին, որ 100 000 է պետք, այդքան էլ հավաքեցինք, բայց կրկին հետ բաժանեցին։ Իսկ թե ինչու չստացվեց, չեմ կարող ասել», – ասաց Անդրեյ Սմառոդինը։
2016 թվականին գյուղում հավաքել են գումար, որպեսզի գազ անցկացնեն:
«Ինչքանով որ ես տեղյակ եմ, ասել են լիմիտը չի հերիքում, դրա համար էլ չի գազաֆիկացվել։ Քաղաքապետարանը պատրաստ է միշտ մեզ աջակցել, նրանք հատկացնում են 600 000 լարիի սահմաններում գումար, գյուղացիներն էլ պատրաստ են վճարել, սակայն դեռ գազի ընկերության կողմից չկա հրաման», – ասաց գյուղի մասնագետ Բաբաջանյան Մնացականը, ով այն ժամանակ դեռ չի աշխատել որպես մասնագետ։
Գորելովկայի բնակիչներին խոստացել էին, որ 2022 թվականին գյուղը կգազաֆիկացվի, սակայն մինչև հիմա հստակ քայլ չկա։
Սակայն Նինոծմինդայի քաղաքապետարանից հայտնում են, որ Գորելովկայի գազաֆիկացման հարցը դեռ պարզ չէ:
«Այդ գյուղերի գազաֆիկացումը տեղական բյուջեով չենք կարող իրականացնել, իսկ պետական ծրագրերով դեռ տեղյակ չենք։ Այդ հարցերի վերաբերյալ մեզ տեղեկացնում է Կառավարության վարչակազմը, իսկ 2023 թվականի համար դեռ տեղեկություն չենք ստացել։ Սամցխե-Ջավախքում նախատեսված է գազաֆիկացում, կարող է մեզ մոտ ևս լինի ծրագիր», – ասաց քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։
Նրա խոսքերով, Նինոծմինդայի մունիցիպալիտետում գազաֆիկացված չեն միայն երկու թեմ։
Ներկա դրությամբ գազաֆիկացված չեն՝ Օրլովկա, Գորելովկա, Եֆրեմովկա, Սամեբա, Ժդանովական գյուղերը, ինչպես նաև Փոկայի թեմից Փարվանան, Տամբովկան և Վլադիմիրովկան։